«Հրապարակ» թերթը գրում է․ Նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Երեւանի փոխքաղաքապետի, ավելի ճիշտ՝ քաղաքապետի տեղապահի պաշտոնում նշանակելու գործընթացն ուշանում է։ Չնայած նախապես որոշված էր, որ մինչեւ մարտի 15-ը տեղի կունենա։ Եվ ծրագրված էր, որ Ավինյանը քաղաքապետարան էր մտնելու 3 նոր փոխքաղաքապետերի հետ միասին կամ անմիջապես հետո, իսկ աշխատակազմում անհամբերությամբ նրան էին սպասում, սակայն փաստ է, որ այս պահի դրությամբ նա դեռ «կադրերի ռեզերվում» է։ Թե ինչու՝ իշխանական շրջանակներում տարբեր վարկածներ են շրջանառվում․ ասում են, որ Ավինյանին չեն ուզում ժամանակից շուտ «փչացնել», եւ նշանակումը կարվի Երեւանի ավագանու ընտրություններից հինգ պակաս, որ մինչեւ ընտրությունները նրա ռեյտինգը չգահավիժի, եւ չբարդանա Երեւանում հաղթելը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «44-օրյա պատերազմից հետո, երբ գրեթե ամբողջ հասարակությունը մեղադրում ու պատասխանատվության էր կանչում վարչապետին ու նրա թիմին, Փաշինյանը մոտ 10 օր անց հայտարարություն տարածեց՝ ներկայացնելով առաջիկա անելիքների ճանապարհային քարտեզը: Մինչ օրս, սակայն, 15 կետանոց «ճանապարհային քարտեզի» մի քանի դրույթներ են ընդամենը կատարվել, այն էլ՝ մասամբ: Արցախի կարգավիճակի եւ իրենց բնակության վայրեր արցախցիների վերադարձի առաջնահերթության, Արցախում բնականոն կյանքի վերադարձի հարցերը փաստացի չեն լուծվել:
Ավելին՝ Արցախում լարվածությունն ու անվտանգության հարցը գնալով ավելի է ահագնանում: Փաշինյանի հայտարարությունից հետո ամբողջապես չի լուծվել նաեւ գերեվարված զինվորականների ու քաղաքացիական անձանց վերադարձի հարցը։ Մինչ օրս անհայտ է նաեւ անհետ կորածներից շատերի ճակատագիրը: «Պատերազմին մասնակցած անձանց եւ, ընդհանուր առմամբ, հանրության հոգեբանական ռեաբիլիտացիայի համակարգի ձեւավորում» դրույթի մասով առհասարակ որեւէ աշխատանք չի տարվել»:
«Հրապարակ» թերթը գրում է․ Օրեր շարունակ Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի մասին հակասական տեղեկատվություն էր ստացվում, երեկ մեզ ասացին, որ ադրբեջանցիները, ճիշտ է՝ հետ են քաշվել Փառուխից, բայց ամբողջությամբ հետ չեն քաշվել Քարագլուխ բարձունքի գրաված հատվածից, չնայած ռուսական խաղաղապահները մի քանի օր է՝ ակտիվ բանակցում են։ Տեղեկացանք, որ ադրբեջանցիների մոտ կեսը վերադարձել է ելման դիրք, երեկ երեկոյի դրությամբ մոտ 200-250 ադրբեջանցի էր մնացել, որոնց ռուսական խաղաղապահները թույլ չեն տալիս հերթափոխ իրականացնել եւ կապ պահպանել ադրբեջանական բազայի հետ։ Արցախի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ սա հույս է ներշնչում, որ նրանց պաշարը շուտով կվերջանա, եւ ինքնակամ կվերադառնան ելման դիրք։ Երկու օր է՝ ռուսական կողմը բազմապատկել է իր խաղաղապահների ներկայությունն այդ տարածքում՝ այլ կետերից տեղափոխելով, որոնք հսկում են եւ թույլ չեն տալիս, որ «պերեսմենկա» արվի։ Զուգահեռաբար շարունակում են բանակցել ադրբեջանցիների հետ։ Նկատենք, որ հայկական մամուլի բարձրացրած աղմուկից հետո է ռուսական զինուժը տեղից շարժվել եւ քայլեր ձեռնարկել»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նոր Հայաստանում խնամի-ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու երեւույթը դեռ շարունակվում է: Անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարեկամներին աշխատանքի տեղավորելու առիթով ասել էր. «Կա «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք, եւ մենք ամեն ինչ անելու ենք, որ ամեն մի իշխանություն չգա ու իր բաջանաղին չմտցնի պետական կառավարման համակարգ: Հիմա հարց. այս խոստումը կատարվե՞լ է. այո՛, լիարժեք, 100 տոկոսով կատարվել է»:
Բայց ինչպես շատ այլ հարցերում, այս հարցում էլ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն ու հայկական իրականությունը էականորեն տարբեր են: Ամենաթարմ օրինակը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն է, որի կինը՝ Ռուզաննա Տոնոյանը, աշխատում է ամուսնու ղեկավարած նախարարությունում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երբ պատերազմից հետո՝ 2020-ի նոյեմբերի 20-ին Անդրանիկ Փիլոյանը նշանակվեց ԱԻ նախարար, մենք չգիտեինք, որ մեկուկես տարի անց ԱԻՆ-ի հետ կապված քրեական գործ է քննվելու, եւ նախարարին հրավիրելու են հարցաքննության։ Բայց մենք գրում էինք, որ անհասկանալի է, թե ինչու են բարձրացում մի մարդու պաշտոնը, որ պատերազմին մասնակցելուց ձախողել է հարավային հատվածի պաշտպանությունը, եւ նրա ղեկավարած ստորաբաժանումից մատների վրա հաշված մարդիկ են փրկվել։
Այսինքն, մենք պարտվել ենք նրա եւ նրա նմանների պատճառով։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը որոշեց ոչ միայն վերջինիս նախարար նշանակել, այլեւ պատերազմի թեժ օրերին՝ հոկտեմբերի 22-ին, Ազգային հերոսի կոչում շնորհել»: