«Հրապարակ» թերթը գրում է․ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր տեղի կունենա փակ քննարկում՝ «Հանրային սննդի վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման սահմանափակումների վերաբերյալ»։ Ինչպես հայտնի է, մարտի 15-ից արգելվեց ծխելը նաեւ բացօթյա սրճարաններում, սիգար-բարերում եւ նարգիլեների ակումբներում։ Մեզ ասացին, որ հանձնաժողովականներից բացի այսօրվա քննարկմանը կմասնակցեն նաեւ տնտեսվարողներ։ Շաբաթներ առաջ, մինչեւ ծխելու արգելքի մասին օրենքը կյանքի կկոչվեր, նրանք սույն հանձնաժողովում աշխատանքային քննարկման են մասնակցել եւ զգուշացրել, որ ծխելու արգելքը հարվածելու է ռեստորանային բիզնեսին, ուստի առաջարկել են սահմանել «բացօթյա տարածք» հասկացությունը։ Սակայն հանձնաժողովի մեր աղբյուրի փոխանցմամբ, իրենք այդպես էլ չեն կարողացել այդ հասկացությունը սահմանել, «որովհետեւ կան բացօթյա տարածքներ, որտեղ զոնտիկներ են դրված, ապակե զոնաներ են սարքված եւ այլն»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնած հանդիպումը որդեկորույս մայրերի հետ, բացի հասարակության բուռն քննարկման առարկան դառնալուց, նաեւ հենց իշխանության ներսում է կրքեր բորբորքել: Օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տիկնայք քննարկել են, թե Հակոբյանն ինչպես, ինչ սկզբունքով է որոշել, թե վերոնշյալ հանդիպմանը ով պետք է մասնակցի: «Ինչպե՞ս է ստացվում, որ այդ հանդիպումներին ամեն անգամ Լենա Նազարյանն է ներկա գտնվում: Այս անգամ անակնկալ էր, որ տիկին Հակոբյանի կողքին ՔՊ-ական պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանն ու Տաթեւիկ Գասպարյանն էին նստած»,- անկեղծացավ մեր զրուցակիցը։
«Հրապարակ» թերթը գրում է․ Դատարանի որոշմամբ մարտի 28-ին ազատ արձակված Գորիսի ընտրված համայնքապետ Առուշ Առուշանյանը նախօրեին գնացել է համայնքապետարան, հանդիպել աշխատակազմի հետ։ Ինչպես նախօրեին գորիսեցիներն էին խանդավառ դիմավորում Առուշանյանին՝ մատաղ անում եւ ուրախանում, նույնկերպ էլ համայնքապետարանի աշխատակիցներն են ոգեւորությամբ դիմավորել 8 ամիս բանտում անցկացրած իրենց ղեկավարին։ Համայնքապետարանի մեր աղբյուրի փոխանցմամբ, նրանց բոլորին նույն հարցն է հետաքրքրել՝ Առուշ Առուշանյանը մնալո՞ւ է Գորիսի համայնքապետ, թե՞ դատարանի որոշմամբ այլեւս չի կարող պաշտոնավարել։ Պատասխանը եղել է այն, որ իրավական որոշակի հարցեր կան, որոնք փաստաբանների հետ քննարկելուց հետո նոր պարզ կդառնան։ Իսկ մինչ այդ Առուշանյանը հայտնել է, որ մասնակցելու է ապրիլի 5-ին կայանալիք ավագանու նիստին՝ ինքն է վարելու նիստը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Արդեն մի քանի օր է, ինչ արշալույսները խաղաղ չեն Արտակարգ իրավիճակների նախարարությունում: Բանն այն, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում ԱԱԾ-ն մտել էր ԱԻՆ եւ մոտ 150-ից ավելի անձանց տարել էին կոմիտե՝ հարցաքննության: Նախաքննական մարմինը մինչ օրս չի հստակեցնում, թե ինչ քրեական գործի շրջանակներում են ԱԻՆ աշխատակիցներին կամ նախարարին կանչել հարցաքննության, սակայն քրեական գործի ընթացքից մեզ ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ԱԻՆ-ի պաշտոնյաները տարբեր անձանց պաշտոնների նշանակման գործընթացում կոռուպցիոն գործարքների են գնացել, ու շղթան հասել է մինչեւ ԱԻՆ նախարար Անդրանիկ Փիլոյան:
Ավելին՝ քրեական գործով կան դրվագներ, որ, օրինակ, որեւէ մեկին պաշտոնի են նշանակել, ու այդ անձը նրանց որպես մաղարիչ տվել է ոսկյա շղթա եւ այլ նվերներ, եւ այս հանգամանքը նախաքննական մարմինը որակել է որպես կաշառք: Այսքանով ամեն ինչ չի ավարտվում։ Նախաքննական մարմինը խուզարկություն է իրականացրել նախարար Անդրանիկ Փիլոյանի տանը, որտեղ հայտնաբերվել է ջեռուցման կաթսա, որը, ըստ նախնական վարկածի, ԱԻՆ հաշվեկշռում է եղել, սակայն զարմանալի կերպով հայտնվել է նախարարի տանը: Ի դեպ, գործով անցնող անձինք եւս ցուցմունքներ են տվել, որտեղ հիշատակել են նախարարի անունը: Ուշագրավն այն է, որ վարչապետը երեկ նախարար Փիլոյանին 14 օրով ուղարկել է արձակուրդի, եւ դատելով իրավիճակից՝ չի բացառվում, որ նախարարը չվերադառնա արձակուրդից, նրան մեղադրանք առաջադրեն»: