ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանի հետ քննարկում եմ ունեցել Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին: Նշել եմ, որ Իտալիան խստիվ դատապարտում է Ուկրիանայի դեմ ՌԴ-ի անընդունելի ագրեսիան: Այս մասին այսօր Հայաստանի ու Իտալիայի ԱԳ նախարարների մամուլի համար հայտարարությունների ժամանակ նշել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոն:
«Այնուհետ նախարար Միրզոյանի հետ քննարկել ենք նաև տարածաշրջանային դինամիկան: Իտալիան տեղյակ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ հետևանքների և խաղաղ բնակչության կրած տառապանքների մասին: Մենք չենք զլանա աջակցել խաղաղ բնակչությանը: Մենք դրական ենք վերաբերվում Բաքվի հետ բարձր մակարդակի ուղիղ շփումներին ու վճռականորեն աջակցելու ենք խաղաղ ու կայուն լուծմանը»,-ասել է Իտալիայի ԱԳ նախարարը:
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի դի Մայոյի այցը Հայաստան: Նա հանդիպել է Արարատ Միրզոյանի, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: