Չեմ կարծում, թե վաղն ինչ-որ փաստաթուղթ կստորագրվի։ Այս մասին այսօր ԱԺ խմբակցությունների նախաձեռնած հանրահավաքից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով վաղը Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գլխավորությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը։
Անդրադառնալով ներկայիս իշխանությունների այն դիտարկումներին, թե նախկին իշխանությունները չեն կարողացել լուծել Արցախյան հարցը՝ նա արձագանքեց․ «Այսպիսի կոնֆլիկտները հեշտ չէ անգամ 30, 40, 50 տարում լուծել։ Ինչքան կարողացել ենք, այնքան այդ լուծումը մոտեցրել ենք։ Ու մեր մեղավորությունը չէ, որ իշխանության եկան մարդիկ, որոնք ասացին, թե իրենց կետերից են սկսում, որոնք ասացին՝ ձեր գործը չէ, թե մենք ինչ ենք բանակցում, ինչ ուզում ենք, այն էլ բանակցում ենք։ Ու հասանք այս վիճակին»։
Դիտարկմանը, որ նաև ասում են՝ դուք բանակցել եք հանձնելու համար՝ Սերժ Սարգսյանն արձագանքեց․ «Ասողը ղալաթ է անում, ես երբեք հանձնելու մասով չեմ բանակցել։ Ես բանակցել եմ այն մասին, թե մենք ինչ կարող ենք ստանալ ու, դրանից ելնելով, այո, մենք էլ ինչ-որ չափով պատրաստ էինք փոխզիջումների»։