«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի կալանավորումից առաջ ուշագրավ գործընթացներ են եղել: Մասնավորապես, քաղաքական իշխանությունները Փիլոյանին առաջարկել են ազատման դիմում գրել, ինչը նա մերժել է։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել նախարարի պաշտպան Տիգրան Սարգսյանից, որը նշեց, որ, բացի նրա խափանման միջոց կալանավորման դեմ Վերաքննիչ բողոք ներկայացնելուց, այլ բան չի կարող հայտնել: Հիշեցնենք, որ մարտի 31-ին Հակակոռուպցիոն կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ մեղադրանք է առաջադրվել արտակարգ իրավիճակների նախարարին, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, որը բավարարվել է»։
«Հրապարակ» թերթը գրում է․ ««Հայաստան» խմբակցությունն առաջարկում է Քրեական օրենսգրքի 3971 հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ։ Մասնավորապես, հատուկ ընդգծել, որ Հայոց ցեղասպանությունը հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը կամ արդարացնելը քրեական պատիժ է սահմանում։ Գործող Քրեական օրենսգրքի հիշյալ հոդվածը նախատեսում է քրեական պատասխանատվություն առհասարակ ցեղասպանության եւ խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելու, մեղմացնելու, դրանց հավանություն տալու կամ արդարացնելու դեպքերում։ Առաջարկում են պատժաչափ սահմանել տուգանք` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկում՝ երեքից հինգ տարի ժամկետով: Իսկ եթե վերոհիշյալ հոդվածը խախտողը պաշտոնյա է, ապա պատժել ազատազրկմամբ՝ երեքից ութ տարի ժամկետով»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը այսօր Բրյուսելում համատեղ հանդիպում կանցկացնի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Փաշինյան-Ալիեւ վերջին դեմ առ դեմ հանդիպումը դարձյալ կայացել էր Բրյուսելում 2021 թվականի դեկտեմբերի 14-ին։ Այդ հանդիպման մասին պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նոյեմբերի 19-ին, երբ Եվրոպական խորհրդի նախագահը հեռախոսազրույցներ էր ունեցել Փաշինյանի եւ Ալիեւի հետ։ Մարտի 14-ին Ադրբեջանը հրապարակել էր 5 կետեր, եւ նշվում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը, հենց այս սկզբունքների հիման վրա իրականացնելով ինտենսիվ, բովանդակային եւ արդյունքին միտված բանակցություններ, կարող են կնքել խաղաղության երկկողմ պայմանագիր»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում տեւական ժամանակ քննարկվում է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի վարքագիծը: Ինչպես իշխանությանը խիստ մոտ կանգնած աղբյուրներն են փոխանցում՝ թիմակիցների համար անհասկանալի է Միրզոյանի պահվածքն ու վարքը: «Արարատ Միրզոյանը մեկուսացել է, որեւէ մեկիս հետ մտերիմ հարաբերություններ չունի, կարելի է ասել՝ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ է ուղիղ կապ պահում: ՔՊ-ում այլ մարդկանց, այդ թվում՝ հին ընկերների հետ չի շփվում: Նույնիսկ այնտարբեր է նրանց նկատմամբ, ում հետ աշխատել է խորհրդարանում, իր թիմը համարել ու ամենօրյա կապի մեջ եղել»,- իր զարմանքն արտահայտեց մեր զրուցակիցը»: