Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և ՉԺՀ պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանին ՀՀ-ՉԺՀ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով: Այս մասին տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից։
Նա նշել է, որ հայ-չինական բարեկամական կապերն ունեն հարուստ պատմություն և առանձնանում են փոխադարձ վստահությամբ և մեծ հարգանքով։
«Երեք տասնամյակ առաջ միջպետական հարաբերությունների հաստատումը մեր երկրներին ու ժողովուրդներին հնարավորություն տվեց բացելու նոր դարաշրջան, զարգացնելու և ամրապնդելու փոխգործակցությունն ամենատարբեր ոլորտներում՝ արձանագրելով նշանակալի ձեռքբերումներ»,- ասել է վարչապետը:
Հայ-չինական հարաբերությունների կարևոր բաղադրիչներից Փաշինյանն առանձնացրել է տնտեսական համագործակցությունը, որը մենք հանձնառու է հնարավորինս ընդլայնելու` ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր, հեռանկարային ծրագրեր: «Այս առումով կարևորում ենք Հայաստանի մասնակցությունը «Գոտի և ճանապարհ» նախաձեռնությանը, որը զարգացման նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանում»,- գրել է նա:
«Հայաստանը բարձր է գնահատում մեր երկրների միջև ընթացող քաղաքական երկխոսությունը և մեծապես կարևորում Չինաստանի հետ գործընկերության հետագա համակողմանի, կայուն և հետևողական զարգացումն ու ընդլայնումը ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Անցած ժամանակահատվածում զգալի արդյունքներ են գրանցվել առևտրի և տնտեսության, անվտանգության, գիտության և կրթության, մշակույթի և միջմարդկային փոխանակումների և շատ այլ բնագավառներում»,- նշել է վարչապետը: