Առանց իրավական փաստաթղթերի պատրաստման, առանց հիմքերի ահնար է իրագործել այնպիսի ծավալուն գործողություն, ինչպիսին դելիմիտացիան է։ Այդ գործընթացը երկար ժամանակ է պահանջում։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ անդրադառնալով երեկ Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությանը՝ կապված մինչև ապրիլի վերջ սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծելու հետ։
«Իրավականից բացի, այլ հիմքեր չպետք է լինեն, մյուսն ուժի գործոնն է, ուժի փաստարկն է։ Եվրոպայի քաղաքական էլիտան հաճախ չի պատկերացնում խնդրի բարդությունը ու փորձում է պարզապես լավ միջնորդի դեր ստանձնել։ Մինչդեռ դա հնարավոր չէ՝ առանց նույն Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ փաստերի, փաստաթղթերի, դրանց վերլուծության և ներգրավման։ Ես խիստ կասկածում եմ երկու երկրններին տրված վերոնշյալ առաջադրանքի առումով, որովհետև փաստաղթղթերի մեծ մասն իրենց բնօրինակներով գտնվում են Մոսկվայում, իսկ որոշ փաստաթղթեր Բաքուն թաքցնում է»,- ասաց Մանասյանը՝ նկատի ունենալով դելիմիտացիայի գործընթացը։
Բերելով մի շարք օրինակներ՝ նա հավելեց, որ խախտված փաստաղթղթերի փաթեթը մեծ է, և իրավական լուրջ մոտեցման անհրաժեշտություն կա։
«Մեծ հաշվով՝ Փաշինյանին ու Ալիևին սահմանների վերաբերյալ տրված այդ «առաջադրանքն» անիրականանալի է, եթե, իհարկե, հայկական կողմը սահմաններ չնվիրաբերի Ադրբեջանին»,- հավելեց նա։
Անդրադառնալով նաև խաղաղության բանակցությունների նախապատրաստական մեկնարկի վերաբերյալ հայտարարությանը՝ մեր զրուցակիցը շեշտեց․
«Լավ է հնչում նաև խաղաղության մասին հիմնարար փաստաթուղթ ասվածը, բայց դա ևս հնարավոր է արդարության ու իրավունքի հողի վրա։ Եթե միակողմանի, նաև Արցախի հարցում զիջումների գնանք, այն ոչ թե խաղաղության պայմանագիր, այլ ապագա պատերազմի նախապատրաստման փուլ է լինելու։ Ադրբեջանը համոզվելու է, որ այսպես կարելի է օրինականացնել զավթած տարածքը։ Սովորաբար խաղաղության պայմանագիր կնքվում է այնպիսի պայմաններում, երբ այն ձեռնտու է երկու կողմերին, երբ այն արժանապատիվ խաղաղություն է ապահովելու երկուսի համար։ Բայց այսօր Բաքուն իրեն հավասար կողմ չի համարում Հայաստանի հետ։ Երբ Եվրոպան կանչում է, Ալիևը, իհարկե, գնում է, բայց պատմությունը ևս ցույց է տվել, որ գնում են ուղղակի կա՛մ ժամանակ շահելու, կա՛մ սեփական իմիջը բարձրացնելու համար։ Նրանց համար ոչ մի նշանակություն չունեն այնտեղ արտաբերված խոսքերը, նաև ստորագրված փաստաթղթերը։ Բաքուն բազմաթիվ փաստաթղթեր է ստորագրել, որոնցից իսկույն հրաժարվել է։ Բաքվի համար ոչ մի փաստաթուղթ նշանակություն չունի։ Ու եթե մենք այնքան միամիտ ենք, որ պետք է հավատանք ստորագրվող հնարավոր փաստաթղթին, նշանակում է՝ տանուլ տալու հաջորդ գործընթացի հիմքերն ենք դնում»։
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով Հայաստանի և Ադրբեջանի միջև մինչև ապրիլի վերջ սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով ստեղծելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը ԱԳ նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները: