Ֆրանսիան վերահաստատում է իր լիակատար հավատարմությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու գործում թե՛ երկկողմ, թե՛ որպես Եվրոպական խորհրդի նախագահող, թե՛ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Այս մասին ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
«Օգտագործելով իր տարբեր հնարավորությունները՝ Ֆրանսիան շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ ինչպես մարդասիրական հարցերում առաջընթացի հասնելու, այնպես էլ սահմանների դելիմիտացիայի, նաև ժառանգության պահպանման, երկու երկրների միջև խաղաղ պայմանագրի կնքման և Եվրոպայում համագործակցության ուղղությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Մոսկվայում տեղի ունեցած ՀՀ և ՌԴ արտգործնախարարների ասուլիսի ժամանակ Սերգեյ Լավրովը սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել։ ՌԴ արտագործնախարարն ասել է, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան չեն ցանկանում աշխատել Ռուսաստանի հետ Մինսկի խմբի ձևաչափում։ Լավրովը նշել է, թե չգիտի՝ ինչ կլինի հետագայում եռանախագահության հետ։ Սերգեյ Լավրովի այս միտքը Հայաստանում բուռն քննարկումների և մեկնաբանությունների առիթ է դարձել։ Ի դեպ, հարկ է ընդգծել, որ այս հայտարարությունից հետո ՀՀ է ժամանել Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահը։