ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը հանդիպել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ։
«Մանրամասն քննարկեցինք Արցախի Հանրապետությունում առկա իրավիճակը, տեղեկացրի, որ Ադրբեջանը կիրառում է հրաձգային զինատեսակներ՝ նույնիսկ ականանետեր Արցախի խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ, թիրախավորում է գյուղացուն, որը գյուղատնտեսական աշխատանք է իրականացնում իր սեփական տան բակում, կրակում գյուղատնտեսական տեխնիկաների ուղղությամբ, որի արդյունքում ունենք վիրավորներ, և որ այս ամենն համակարգվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ նպատակ հետապնդելով զրկել Արցախի խաղաղ բնակչությանը իր հայրենիքում խաղաղ և անվտանգ ապրելու իրավունքից»,- գրել է Թովմասյանը։
Նա նշել է, որ փոխադարձ արձանագրել են այն կարևոր իրողությունը, որ ադրբեջանական զինուժը ռուսական կողմի բանակցություններից հետո դուրս է եկել Փառուխ համայնքից, սակայն ընդգծել է, որ ազերի զինվորները դեռ շարունակում են մնալ Քարագլխի լանջերում, և որ ադրբեջանական այդ սադրանքը առաջին հերթին ռուս խաղաղապահների դեմ է, ինչը, ներվելու դեպքում, ամեն պահի կարող է կրկնվել։
Խոսել են նաև Ռուսաստանում և Ուկրաինայում ապրող մեր հայրենակիցների իրավունքներից, որոնցից շատերը Հայաստան կամ երրորդ երկիր վերադառնալու ցանկություն ունեն։
Պատգամավորը դեսպանի ուշադրությունը հրավիրել է նաև Հայաստանի սահմաններում առկա իրավիճակի վրա. Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները շարունակում են օկուպացված պահել ՀՀ սուվերեն տարածքի կոնկրետ հատվածներ։