Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2021 թվականի կառավարության ծրագրի զեկույցը ներկայացնելիս հայտարարեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի թիվն այսօրվա դրությամբ 3825 է:
Նրա խոսքով՝ գերեզմանատներում շարունակաբար ու անվերջանալիորեն ծածանվող մեր պետական դրոշներն են 2021 թվականի հիմնական սիմվոլն ու այդպես էլ մեզանից չհեռացող ու մեր կոկորդը բաց չթողնող հարցը՝ ինչո՞ւ այսպես եղավ։
Փաշինյանը նշեց, որ առաջին հայացքից սա կարող է աբսուրդ թվալ, որ ընդունում ես մեղքը, բայց չես ընդունում մեղադրանքը։
Կառավարության ղեկավարը շեշտեց՝ եթե ուզում են օբյեկտիվ մեղադրանք վերագրել իրեն, պետք է իրեն մեղադրել ոչ թե հողեր հանձնելու, այլ հողեր չհանձնելու մեջ։
«Ես հիմա ուզում եմ խոստովանել, որ հնարավոր է մեղավոր եմ դրանում։ Մեղավոր եմ, որ 2018-19 թվականներին մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր հեռու ու մոտիկ բարեկամները մեզանից ակնկալում են, որ Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջաններն ու իջեցնեն Արցախի կարգավիճակի համար մեր նշաձողը, մեղավոր եմ, որ միջազգային հանրությունը միանշանակորեն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,- խոստովանեց Փաշինյանը։