Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները պայմանավորվել են, որ գործընթացը պետք է տեղի ունենա առանց նախապայմանների։ Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում կատարողականը ներկայացնելուց հետո պատասխանելով պատգամավորների հարցերին։
«Միջազգային գործընկերների հետ քննարկումներում մենք ասում ենք, որ տպավորություն ունենք, որ գործընթացը կարող է և արագ արդյունքներ չունենալ։ Մեծ է հավանականությունը, որ գործընթացը կլճանա։ Մենք մեր կողմից պետք է անենք ամենը, որ դա տեղի չունենա, և մենք կարողանանք փոքր քայլերով առաջ շարժվել»,- ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ հասկանում է հարցի բոլոր խութերն ու ռիսկերը, կարծում է, որ պետք է ամեն ինչ անել, որ խոսակցությունը շարունակվի և վերածվի երկխոսության։ Փաշինյանը նշեց նաև, որ միջազգային գործընկերների կողմից կա լիարժեք աջակցություն, այլ բան է, որ պետք է զգույշ լինել աջակցության գործիքների, ձևերի, չափերի մեջ։ Չէ՞ որ խոսքը երկկողմ հարաբերությունների մասին է, սակայն դրանք կարևոր են տարածաշրջանի բոլոր երկրների համար։
Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակներում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 24-ին Վիեննայում։
Հայ և թուրք ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կայացել է հունվարի 14-ին Մոսկվայում, որից հետո կողմերը հայտարարեցին, թե համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների: