«Ժողովուրդ» թերթը գրում է․ «2019-ից սկսած 10-ը լավագույն մարզիկներին տրվող 5 մլն դրամ գումարը երկրաչափական ռեգրեսով նվազում է: Օրաթերթը տեղեկացավ, որ սպորտի ոլորտի լավագույններին տրվող 5 մլն դրամը տարեցտարի նվազել է մինչեւ 3 մլն: «2020-ին, կորոնավիրուսային համավարկով պայմանավորված, 10 լավագույն մարզիկներին պարգեւատրելու միջոցառումը տեղի չունեցավ, 2021-ին գումարը մասնակի՝ պահումով տվեցին, ու մարզիկները ոչ թե 5 մլն, այլ 3 մլն 900 հազար դրամ ստացան,- փոխանցեց սպորտաշխարհին մոտ կանգնած մեր զրուցակիցն՝ ավելացնելով։- Այժմ էլ պարզվում է, որ այդ գումարից 700 հազար դրամ էլ մարզիկները պետք է իրենց մարզիչներին ու բժիշկներին վճարեն, որպեսզի նրանք էլ պարգեւատրվեն կամ հավելավճար ստանան»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ տարբեր շրջանակներում ակտիվորեն քննարկում էին ընդդիմադիրներին Արցախ չթողնելու միջադեպը: Ընդդիմությունը կարծում է, որ դա Ալիեւ-Փաշինյան զույգի մտահղացումն է, իսկ Արցախի մեր աղբյուրները վստահեցնում են, որ ռուս խաղաղապահները միայնակ են գործել` վախեցել են հնարավոր սադրանքներից։ Իշխանական շրջանակները չէին բացառում, որ այդ մասին ռուսական կողմը պաշտոնական պարզաբանում կտարածի կամ ռուսաստանցի քաղաքագետների միջոցով մեկնաբանություններ կանի, որ, դատելով ՀՀ ԱԺ ընդդիմադիրների՝ խորհրդարանի դահլիճում արած հայտարարություններից ու դրոշի տեղադրման արարողություններից, հնարավոր է Արցախում որոշ շրջանակների մոտ ոգեւորություն առաջանար, եւ դա ներքաղաքական սրացումներ առաջացներ, Արցախում ոմանք գնային արկածախնդրության, եւ իրենք չկարողանային իրենց մանդատի շրջանակներում իրականացնել խաղաղապահների վրա դրված առաքելությունը, ուստի փորձել են կանխել նման ելքը` պատգամավորների մուտքն արգելելով»:
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքների պատգամավորների չստացված այցն Արցախ, երբ նրանց թույլ չտվեցին սահմանն անցնել, այդպես էլ չպարզաբանվեց, եւ չհասկացվեց, թե այդ ամոթալի արգելքի հրահանգն ով է իջեցրել։ Հայաստանյան ընդդիմադիր պատգամավորները, որոնք ի սկզբանե փորձում էին գաղտնի պահել այդ փաստը եւ մեզ խնդրում էին չգրել, որ իրենց թույլ չեն տալիս մտնել Արցախ, երեկոյան ուշ ստիպված էին կցկտուր մեկնաբանություններ տալ եւ ֆեյսբուքյան գրառումներ անել` սլաքներն ուղղելով Նիկոլ Փաշինյան-Ալիեւ դուետի կողմը, հայտարարելով, թե նրանց պայմանավորվածության արդյունքում է Հայաստանի խորհրդարանի պատգամավորների ցանկը փոխանցվել ՌԴ խաղաղապահներին, որոնք էլ անուն առ անուն ստուգել են եւ ասել, որ թույլ չեն տալիս սահմանը հատել»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախօրեին խորհրդարանում կառավարության 2021 թվականի կատարողականը ներկայացնելիս Նիկոլ Փաշինյանը բավական երկար ու ծավալուն ելույթ ունեցավ։ Թերթի տեղեկություններով, ՌԴ-ում բավականին անհանգստություն ու զայրույթ են առաջացրել նրա ելույթի՝ ընդգծված հակառուսական շեշտադրում ունեցող թեզերը։ Մասնավորաբար, նա անդրադարձ էր կատարել ՀԱՊԿ գործունեությանը՝ այդ կառույցին մեղադրելով Սև լճի հատվածում ցուցաբերած անգործության մեջ, նաև ռուս խաղաղապահներին անուղղակի մեղադրել էր Փառուխի և Քարագլխի շուրջ տեղի ունեցածի հարցում և այլն»: