Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր եզրափակիչ ելույթ է ունեցել ԱԺ-ում։
Նա անդրադարձել է երեկ իր հայտարարություններից հետո արված արձագանքներին։ Մասնավորապես, ՀՀ երրրոդ նախագահ Սերժ Սարգսյանի արձագանքին անդրադառնալով՝ նա նշել է․
«Պատահական չէ, որ երեք ժամանոց քննարկումից նա անդրադարձել է մեկ դրվագի՝ ասելով, որ ինքը Ղարաբաղի հարցի փուլային կարգավորման շուրջ երբեք չի բանակցել։ Ինչու է միայն այդ դրվագին արձագանքել Սերժ Սարգսյանը։ Որովհետև այս դրվագի հենց պարզաբանմամբ ֆունդամենտալ մի հարց է լուծվում․ մասնավորապես, որ 1998թ․ իշխանափոխությունը ոչ թե Ղարաբաղի որևէ կարգավիճակի համար էր, ոչ թե Ղարաբաղն ինչ-որ բանից փրկելու համար էր, այլ իշխանությունը զավթելու համար էր։ Միայն այս դրվագի պարզաբանումը ընդգծում է, որ 20 տարվա պատմությունն ունեցել է բոլորովին ուրիշ համատեքստ»։
Նա նշել է, որ առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել։
«Երբ ասում եմ՝ այո, կարելի էր պատերազմը կանգնեցնել, ես ասում եմ՝ կարելի էր կանխել Սերժ Սարգսյանի անիրատեսական, աընդունելի պահանջների արդյունքում»,- ասաց նա։
Նա հարցադրում արեց․ «Սերժ Սարգսյանը հանձնելո՞ւ էր Շուշին, չէր հանձնելու՝ պատերազմ էր սկսվելու։ Ու ոչ միայն Շուշին, Ղարաբաղի մի մասը հանձնելու էր։ Էլ տարածքների մասին չեմ խոսում։ Խոսում են, հեքիաթներ են պատմում, ասում՝ Լաչինի միջանցը այսպես պետք է լիներ, այնպես պետք է լիներ։ Լաչինի միջանցի լայնության մասին բանակցային ոչ մի փաստաթղթում ոչ մի բան չկա, դա հետո պետք է ավելացվեր։ Մեզ ասում են՝ ուզում ենք Ղարաբաղը հանձնենք։ Եթե Ղարաբաղն ուզենայինք հանձնեինք, Սերժ Սարգսյանի թողած բանակցային տրամաբանությունը մինչև վերջ տանեինք, դրանով Ղարաբաղը հանձնած կլինեինք: Մեզ ասում են՝ Շուշին հանձնել ենք, բայց պատերազմը Շուշիի համար է եղել: Առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել կամ կանխել»։
Նշենք, որ երեկ խորհրդարանում ներկայացնելով կառավարության գործունեության հաշվետվությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր պետք է կնքվի որքան հնարավոր է շուտ։ Նա նաև նշեց, որ այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է, որ մի փոքր իջեցնենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը և դրանով ապահովենք ավելի մեծ միջազգային կոնսոլիդացիա Հայաստանի և Արցախի շուրջ։ Վարչապետը նաև ուշադրություն հրավիրեց մի կարևոր նրբերանգի վրա, ըստ նրա, եթե նախկինում հիմք էինք ընդունում ԼՂ կարգավիճակը, և կարգավիճակից բխում էին անվտանգության և իրավունքների երաշխիքները, ապա այժմ հիմք ենք ընդունում անվտանգության երաշխիքները և իրավունքները, որոնցից պետք է բխեցնենք կարգավիճակը։ Նա հավելեց, որ դրանով Երևանը հայտարարում է, որ այս իրավիճակում կարգավիճակը նպատակ չէ, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները։
Մանրամասները՝ տեսանյութում։