ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի դեմ պատժամիջոցները մեծ ազդեցություն են ունեցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների վրա, գրում է РИА Новости-ն։
«Անշուշտ, Արևմուտքի կողմից վերջին ամիսներին Ռուսաստանի և Բելառուսի նկատմամբ սահմանափակող միջոցները, որոնք աննախադեպ են իրենց ծավալով, չէին կարող չազդել ԵԱՏՄ անդամ երկրների վրա՝ միասնական շուկայի տնտեսությունների խորը փոխկապակցվածության պատճառով»,- ասել է Եվդոկիմովը։
Նրա խոսքով՝ միությունը կազմող հինգ երկրները (Ռուսաստան, Բելառուս, Հայաստան, Ղազախստան և Ղրղզստան) այժմ աշխատում են ներդրված սահմանափակումների հետևանքները հարթելու ուղիների վրա։ Ներմուծման փոխարինման քաղաքականությունն այս պարագայում ամենակարևոր դերն է խաղում, ընդգծել է նա։
Եվդոկիմովը նաև ասել է, որ Եվրասիական տնտեսական միության երկրները ներքին առևտրում փորձում են հեռանալ ԱՄՆ արժույթից։ Արևմտյան երկրները ձգտում են խաթարել ԱՊՀ-ում ինտեգրացիոն գործընթացները։ Դրան դիմակայելու համար անհրաժեշտ է հարմարեցնել անվտանգության ոլորտում առկա մեխանիզմները և համակարգել աշխատանքը ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի և ՇՀԿ-ի շրջանակներում։