Հայերը հիմա պետք է շատ իմաստուն լինեն, որ հետո ազգային ողբերգություն չլինի։ Այս մասին հարցազրույցում ասել է Ուկրաինայի ներքին գործերի նախկին նախարար Արսեն Ավակովը։
Նրա խոսքով՝ ավելի մեծ ողբերգությունից խուսափելու համար Հայաստանը պետք է անցնի իր անախորժությունների ու խնդիրների վրայով և սկսի ուղիղ բանակցություններ վարել Ադրբեջանի հետ։
Նախկին նախարարը նշեց, որ այս գործընթացում եվրոպացիներին կարող են լավ միջնորդ և երաշխավոր լինել։ Ավակովը հիշեցրել է եվրոպացիների դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, որը պետք է լինի Ադրբեջանի կազմում։
«Ես հիմա չեմ փորձում երևալ մեծ մասնագետ կամ փոխզիջման կողմնակից։ Ղարաբաղում տեղի ունեցած ռազմական վերջին իրադարձություններից շատ են տուժել նաև հարազատներս։ Պարզապես պետք է շատ իմաստուն լինել՝ կանխելու ազգային ողբերգությունը։ Չեմ կարծում, որ Հայաստանը պետք է զիջի իր տարածքները»,- ասել է Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավարը։
Ավակովի խոսքով՝ այսօր պետք է խոսել Հայաստանի և Արցախի ազգային զարգացման, մշակույթի, ազատության, հաղորդակցության համար համապատասխան երաշխիքներ ստանալու մասին և դրա շուրջ կառուցել պայմանագրերի համակարգ։
Նա հավելել է, որ այս դեպքում հավասարակշռությունը կարող է պահպանվել, եթե Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ԵՄ-ն և ԱՄՆ-ը հանդես գան որպես երաշխավոր։
«Միակ խորհուրդը, որը կարելի է տալ Հայաստանին նման բարդ իրավիճակում, բարդ փոխզիջումների գնալն է»,- ընդգծել է Ավակովը։
Ըստ ուկրաինացի քաղաքական գործչի՝ Հայաստանի վարչապետը պետք է հավաքի ընդդիմադիր ուժերին, ընդհանուր կոնսենսուսով ներկայացնի իրավիճակը, ընտրի ու աջակցի ողջ ժողովրդի որոշումը։
Նա նշեց, որ Ուկրաինայում ապրում է 500-700 հազար հայ, գործում է նաև Ուկրաինայի հայերի հզոր միությունը։