Ռուսաստանը միշտ օրգանապես ներկա է եղել Հարավային Կովկասի տարածաշրջանում, և նրա շահերը մեծապես կապված են այդ տարածաշրջանի հետ։ Այդ մասին 24news.am-ի հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Ընդ որում, այդ շահերը միայն աշխարհաքաղաքական չեն, դրանք շատ ավելի լայն են։ Այսինքն՝ Ռուսաստանն այս տարածաշրջանում կողմնակի խաղացող չէ, նա բոլոր տարածաշրջանային գործընթացների օրգանական մասնակիցն է»,- ասել է նա։
Եվ այդ տեսանկյունից Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու մասին խոսակցությունները բավական տարօրինակ և անպատասխանատու են, ընդգծել է ռուսական դիվանագիտական առաքելության ղեկավարը:
«Ռուսաստանն օբյեկտիվորեն խաղացել և այստեղ շատ կարևոր դեր է խաղում և՛ տնտեսական, և՛ քաղաքական, և՛ անվտանգության ոլորտում՝ լինելով դրա երաշխավորը։ Ռուսաստանը շատ թելերով է կապված տարածաշրջանի երկրների հետ, այդ թվում՝ միջանձնային շփումների առումով։ Եվ այս պայմաններում ինչպես կարելի է խոսել Ռուսաստանին դուրս մղելու մասին։ Տարածաշրջանին դա, մեղմ ասած, օգուտ չի բերի։
Ռուսաստանի համար շատ կարևոր են հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ։ Հայաստանի հետ մենք ընդհանրապես եղբայրական, դաշնակցային հարաբերություններ ունենք», – ասել է Կոպիրկինը։
Ռուս խաղաղապահների անգործության և հետաքննություն անցկացնելու պահանջների մասին Երևանում հնչող հայտարարությունների մասին հարցին ՌԴ դեսպանը պատասխանել է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շատ կարևոր դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովման գործում: «Թե՛ Ղարաբաղում, թե՛ Հայաստանում ռուս խաղաղապահների նկատմամբ վերաբերմունքը շատ դրական է։ Այդ պատճառով նման պահանջները դժվար թե արտացոլեն այդ վերաբերմունքն ու դերը, որը խաղում է Ղարաբաղում խաղաղապահ զորախումբը»,- ընդգծել է Սերգեյ Կոպիրկինը։
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարներին, ապա, դեսպանի խոսքով, Ռուսաստանը միշտ աջակցել է Մինսկի խմբի ձևաչափին և ակտիվորեն աշխատել դրանում:
«Խնդիրն այսօր կապված է միայն Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի մեր գործընկերների դիրքորոշման հետ, որոնք այսօր հրաժարվում են աշխատել Ռուսաստանի հետ։ Ի շահ աշխարհաքաղաքական շահերի և իր ամբիցիաների՝ փլուզվում են միջազգային մեխանիզմներն ու հարթակները, որոնք իրապես պահանջված են և աշխատում են մոլորակի տարբեր տարածաշրջաններում՝ անվտանգության և կայունության ամրապնդման ուղղությամբ։
Շատ ցավալի է, որ տարածաշրջանի երկրների, և առաջին հերթին Հայաստանի շահերը զոհաբերվում են աշխարհաքաղաքական և այլ հավակնություններին», – ասել է ռուս դիվանագետը։