Ապրիլի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Էնդրյու Շոֆերին։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ: Այդ համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական դերը:
Կարևորվել է սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացումը:
Արարատ Միրզոյանը Էնդրյու Շոֆերին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը։ Կողմերը մանրամասն քննարկել են 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրները` մասնավորապես հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց անհապաղ ազատ արձակման և հայրենադարձման, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հարցերը։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Հայաստան էր այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոն։ Ապրիլի 11-ին նրան ընդունել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Հանդիպմանը քննարկվել է ադրբեջանական զինուժի՝ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի՝ Փառուխ գյուղ և հարակից տարածքներ ներխուժելու հետևանքով առաջացած իրավիճակը։ Միրզոյանը ֆրանսիացի համանախագահին ներկայացրել է նաև Հայաստանի դիրքորոշումը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ բանակցություններ սկսելու հարցում։