«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հայաստանյան քաղաքական դաշտում թյուր կարծիք կա, թե Ռուսաստանը թույլ չի տա, որ արեւմտյան ուժերը Հայաստանը դուրս բերեն իր ազդեցության գոտուց, վճռական պահին ՌԴ-ն հայաստանյան ընդդիմության միջոցով իշխանափոխության գործընթաց կսկսի՝ արեւմտամետ Փաշինյանին հեռացնելու համար։ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների եւ մեր քաղաքական գործիչների վերջին շփումներն իրականում բոլորովին այլ բան են փաստում։ Քաղաքական գործիչներից մեկը Մոսկվայում ռուսական իշխանական շրջանակներից փորձել է ստանալ հավաստիացումներ՝ եթե իշխանափոխության գործընթաց սկսեն, աջակցություն կստանա՞ն, եւ շատ կոշտ պատասխան է ստացել։ Նրան ուղիղ տեքստով ասել են, որ չեն պատրաստվում միջամտել Հայաստանի ներքաղաքական կյանքին, չեն խոչընդոտելու Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Իրենց խնդիրը ռուս խաղաղապահների ներկայությունն է Արցախում»։
«Փաստ» օրաթերթը գրում է. «Նախագահ ընտրվելու հետ կապված՝ Վահագն Խաչատուրյանի հրաժարականից հետո ԲՏԱ նախարարի պաշտոնը տևական ժամանակ թափուր է: Կառավարության «կուլիսներում» խոսում են, որ «քայլողների» շարքերում այդ պաշտոնին համապատասխան գրագետ, «խելքը գլխին» թեկնածու չկա։ Մյուս կողմից՝ հնարավոր չի լինում «դրսից» նախարար նշանակել, քանզի, «Փաստ» թերթի տեղեկություններով, ոլորտից գաղափար ունեցողները կտրուկ հրաժարվում են ինչ-որ կերպ ասոցացվել այս իշխանության հետ և պատասխանատվություն կիսել։ Այստեղ առկա է մի քանի հանգամանք: Նախ՝ սա պայմանավորված է ֆինանսական գործոնով, քանի որ պրոֆեսիոնալ և ոլորտում կայացած մարդիկ բավականին լուրջ եկամուտներ ունեն, և ստացվում է, որ հա՛մ իրենց եկամուտներից են զրկվում, հա՛մ վարկաբեկվում են այս իշխանության հետ ճանապարհ անցնելով։ Երկրորդ՝ նրանց աչքի առջև է թեկուզ հենց Հակոբ Արշակյանի դառը փորձը, որը ժամանակին աշխատում էր ՏՏ ոլորտում, քիչ թե շատ պրոֆեսիոնալ էր համարվում և ուներ որոշակի հեղինակություն ոլորտում»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Արտահերթ ընտրությունների օրվանից սկսած՝ հանրությունը քննարկում է մանդատները վայր դնելու հարցը։ Վերջին ամիսներին, երբ պարզ դարձավ, որ ընդդիմությունը խորհրդարանում բացարձակապես ոչինչ չի որոշում, եւ անգամ Սահմանադրությամբ նրան վերապահված պաշտոնները թույլ չեն տալիս զբաղեցնել, այս խոսակցություններն ավելի թեժացան։ Ի՞նչ իմաստ ունի պահել մանդատները, եթե ընդդիմությունը զրո ազդեցություն ունի որոշումների վրա, եթե նրանց ծեծում եւ վիրավորում են ԱԺ-ում, եւ նրանք ակամայից լեգիտիմացնում են Փաշինյանի իշխանությունը։ Եվ սկսեցին նրանց մեղադրել աշխատավարձի համար մանդատներ պահելու համար։ Մենք տեղեկացանք, որ փողոցային պայքարի մեկնարկը տալուց առաջ ընդդիմությունը լրջորեն քննարկել է այս չարչրկված հարցը՝ կարծիքները բաժանվել են, բայց մի փաստարկ համոզել է ընդդիմադիրներին, որ մանդատներն այս պահին չի կարելի վայր դնել»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԿԳՄՍ նախարարությունը «հետողորմյա» է անում «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքի բոլոր «հեղափոխական» համարվող կետերը։ Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանը ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի մի շարք կետեր ճանաչել էր Սահմանադրությանը հակասող: Եվ, ահա, 2021թ. հոկտեմբերի 25-ին ԿԳՄՍՆ-ն իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում հանրային քննարկման ներկայացրեց օերնքի «խմբագրված» տարբերակը, սակայն այս անգամ ունքն ուղղելու տեղը աչքն էլ հանեցին: Մասնավորապես, բուհի կառավարման խորհրդին իրավունք է վերապահված ընտրելու ռեկտորի մինչեւ երեք թեկնածու եւ ներկայացնելու նախարարի հրամանագրմանը: Թե ինչ չափանիշներով է նախարարը ընտրելու ռեկտորի միակ թեկնածուին, օրենքը չի հստակեցնում: Արդյունքում ռեկտորները նշանակվելու են բացառապես ԿԳՄՍ նախարարի «ճաշակով»:
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վստահ եղեք՝ բոլոր նրանք, ովքեր ընդդիմության ներկայացուցիչներին մերժում են եւ հազար ու մի պիտակ կպցնում՝ հայտարարելով, թե նրանք վատն են, դրա համար չենք աջակցում, Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի կողմնակիցներն են։ Ասում են՝ Լեւոնը, Սերժը, Ռոբերտը թալանչի են, չենք կարող նրանց կողքը կանգնել։ Վազգեն Մանուկյանը ծեր է՝ նրա դարն անցել է։ Արթուր Վանեցյանը ԿԳԲ է՝ մենք չեկիստի հետեւից չենք գնա։ Իշխան Սաղաթելյանը դաշնակցական է, իսկ ՀՅԴ-ն 100 տարի առաջ է ձախողվել։ Րաֆֆի Հովհաննիսյանն «ախպար» է, Ռուբեն Վարդանյանն օտար է»։