ԱՄՆ-ը նախկինի պես հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի առաջմղմանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը՝ պատասխանելով այն հարցին, թե ԱՄՆ-ն արդյո՞ք կհետևի Ռուսաստանին և Ֆրանսիային, որոնք իրենց համանախագահին դուրս են բերել ԵԱՀԿ Մինսկի խմբից, և ինչպե՞ս ԱՄՆ-ն կարող է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
Ինչպես նշել է Նեդ Փրայսը, մի քանի շաբաթ առաջ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հնարավորություն է ունեցել խոսել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ:
«Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել դիվանագիտական փոխգործակցությունը և օգտագործել ուղիղ շփումների գոյություն ունեցող մեխանիզմները՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։ Կոչ ենք անում դրանից բխող բոլոր չլուծված հարցերի համալիր կարգավորում գտնելու համար կարգավորել հարաբերությունները համապարփակ խաղաղ համաձայնագրի կնքման միջոցով»,-հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը՝ հավելելով, որ Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին այդ ջանքերում, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:
«Եվ այդ պատճառով, երբ մենք խոսում ենք գոյություն ունեցող մեխանիզմների մասին, իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խումբը դրանց մի մասն է»,-հայտարարել է Փրայսը: Այս առնչությամբ նա պատասխանել է Էնդրյու Շոֆերի կարգավիճակի մասին հարցին, որն ավելի վաղ հանդես է եկել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, իսկ այժմ նաև Հարավային Կովկասի գծով պետքարտուղարի տեղակալի ավագ խորհրդականն է։
Անդրադառնալով Էնդրյու Շոֆերի՝ այս օրերին տարածաշրջանային այցին, Փրայսը նշել է, որ չի տիրապետում այցի մանրամասներին:
«Եթե մենք ավելացնելու բան ունենանք, մենք կկապվենք ձեզ հետ»,– նշել է Փրայսը: