«Պատիվ ունեմ» խմբակցության ղելավար Արթուր Վանեցյանի նախաձեռնությունն Ազատության հրապարակում ողջունելու էր եկել ԱԱԾ նախկին պետ Միքայել Համբարձումյանը։
Նա նախկին ղեկավարի և գործընկերոջ նախաձեռնությունը արտառոց որակեց և հույս հայտնեց, որ ԱԱԾ գործող պետ Արմեն Աբազյանը կայցելի փողոցային պայքարի դուրս եկած Արթուր Վանեցյանին և կլսի նրա մտահոգությունները։
Լրագրողները տարբեր հարցեր ուղղեցին նախկին բարձրաստիճան պաշտոնյային։
Անդրադառնալով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի արած այն հայտարարությանը, որ առանց Շուշիի հնարավոր չէր պատերազմ կանգնեցնել, և պատերազմը Շուշիի համար է եղել, ԱԱԾ նախկին պետ Միքայել Համբարձումյանն արձագանքեց, որ իր համար նորություններ էր, թե Ադրբեջանի թիրախը եղել է Շուշին, և այն վերցնելուց հետո Ադրբեջանը պետք է կանգներ։
Armenia Today-ի՝ Արցախն Ադրբեջանի մասը ճանաչելու և Բաքվի առաջարկած հինգ կետերի վերաբերյալ հարցին էլ ի պատասխան նշեց, որ այս հարցում իշխանությունը ժողովրդի հետ պետք է առարկայական խոսի։
«Ո՞նց էր 30 տարի առանց նախապայմանների, հիմա դարձավ նախապայմաններով, դա միֆ է, սուտ է։ Ժողովուրդը պետք է որոշի քաղաքական կուրսը։ Այսօր եթե ժողովուրդը որոշի Ադրբեջանի 5 առաջարկներն ընդունելի չեն, պետք է նոր քաղաքական ուժ ձևավորվի, որ ժողովրին առաջնորդի»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում հայտարարել է անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի և նստացույցի մասին, քաղաքացիներին հրավիրել հրապարակ։