Այս այցը ոչ միայն գործնական, այլև խորհրդանշական նշանակություն ունի։ Այն նվիրված է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին։ Այս մասին Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետն ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերություններն այսօր գտնվում են շատ բարձր մակարդակի վրա։ Նա հույս է հայտնել, որ այցի արդյունքներով այդ հարաբերությունների դինամիկան նոր թափ կստանա:
Նիկոլ Փաշինյանն արձանագրել է, որ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը շատ հագեցած է, ինչի մասին են վկայում նաև ամենաբարձր մակարդակով հաճախակի շփումները:
«Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է բոլոր ոլորտներում՝ ռազմատեխնիկական համագործակցությունից մինչև տնտեսություն, մշակույթ, կրթություն։ Մենք արդյունավետ համագործակցում ենք Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանն առանցքային դեր է խաղում մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման գործում»,-նշել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով Ռուսաստանի նախագահի բացառիկ դերը Լեռնային Ղարաբաղում հրադադարի և մարտական գործողությունների իրականացման գործում։
«Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների գործունեությունը, ընդհանուր առմամբ, ապահովում է Ղարաբաղի բնակչության անվտանգությունը։ Միևնույն ժամանակ պետք է մտածել, թե ինչ կարելի է անել խաղաղապահների գործունեության արդյունավետությունը բարձրացնելու համար։ Մեր տարածաշրջանում գլխավոր քաղաքական հարցը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը։ Ես վստահ եմ, որ այսօր մենք այդ մասին էլ կխոսենք»,- ասել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ՌԴ-ում է։ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ին հանդիպումներ կունենա նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի և Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Նախատեսվում է նաեւ Հայաստանի վարչապետի այցը Նիժնի Նովգորոդ։