ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր քաղաքական օրակարգից այլևս դուրս է հանել Արցախը։ Այս մասին Armenia Today-ի հարցին ի պատասխան ասաց «5165» շարժման անդամ, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը։
«Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին մայիսի 9-ին ընտրվել է վարչապետ և օրեր անց Ստեփանակերտում հայտարարել, որ ինքը բանակցային գործընթացին չի կարող մասնակցել, որովհետև լիազորված չէ Արցախի բնակիչների կողմից։ Նա այդ հարցով չի բանակցում։ Փաշինյանը բանակցում է Ադրբեջանի նախագահի հետ, վերջինս ասում է՝ Լեռնային Ղարաբաղ հասկացություն գոյություն չունի»,- նշեց նախկին պաշտոնյան։
Էդգար Ղազարյանի կարծիքով՝ Ադրբեջանը օկուպացրել է մեր երկիրը, իսկ Ալիևն էլ Նիկոլ Փաշինյանին նշանակել է գուբերնատոր։
Նշենք, որ «5165» շարժումն այսօր կարմիր ժապավենների ակցիա է իրականցնում համալսարաններում՝ ուսանողներին կոչ անելով համախմբվել և պայքարի դուրս գալ հանուն Արցախի։
Հիշեցնենք, որ «5165» կուսակցությունը ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը և համախմբվում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելու, նրան հեռացնելու, Արցախը փրկելու և Հայաստանն այս ճգնաժամից փրկելու գաղափարի շուրջ։
«Սա խմբային պայքար չէ, սա վեր է բոլոր խմբային և անձնային շահերից, մենք պայքարի ենք դուրս գալիս հանուն Արցախի և հայրենիքի։ Մի՛ անձնավորեք այս պայքարը, այս հրապարակում յուրաքանչյուրդ ունեք ձեր տեղը, հայրենիքիդ առաջ յուրաքանչյուրդ ունեք ձեր պարտականությունը»,- հայտարարել է շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը։
Շարժման անդամները հայտարարում են, որ յուրաքանչյու քաղաքացի, ով դեմ է Նիկոլ Փաշինյանին կարող է կարմիր ժապավեն կապել ձեռքին։
Կարմիր ժամապավենը խորհրդանշում է այն կարմիր գիծը, որն անցել է Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցում։