Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ այցելել է Պետդումա։
«Ձեր այցը Պետդումա միանշանակ կազդի մեր խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացման վրա»,- ասել է Վյաչեսլավ Վոլոդինը։
Պետդումայի նախագահի խոսքով՝ «Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցությունը խորհրդարանական հարթությունում շատ ակտիվ է»։ Դրան նպաստում է երկու երկրների միջև վստահությունը, հավելել է Վյաչեսլավ Վոլոդինը։
«Ձեր աջակցությամբ միջխորհրդարանական երկխոսությունն ավելի ակտիվ կզարգանա, և մենք ավելի լավ կհասկանանք միմյանց»,- հավելել է Պետդումայի նախագահը։
Հայաստանի վարչապետն իր հերթին նշել է, որ նման շփումը նոր լիցք է հաղորդում երկու երկրների հարաբերություններին։
«Վստահ եմ, որ մեր միջխորհրդարանական կապերը կզարգանան»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը։
Նա նաև վստահեցրել է Պետդումայի նախագահին, որ կաջակցի Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին։
Վյաչեսլավ Վոլոդինն իր հերթին առաջարկել է Հայաստանում անցկացնել ՀԱՊԿ ԽՎ նիստ՝ ընթացիկ օրակարգի հարցերը քննարկելու նպատակով։
Բացի այդ, Պետդումայի նախագահը Նիկոլ Փաշինյանին հրավիրել է իր հաջորդ այցի ընթացքում ելույթ ունենալ Պետդումայի պատգամավորների լիագումար նիստում։