ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունենում ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտին Մատվիենկոյի հետ։ Այս մասին հաղորդում է TACC-ը։
Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում առանցքային դեր են խաղում միջխորհրդարանական հարաբերությունները, քանի որ դրանք ավելի ներկայացուցչական են։
«Մենք նաև լավ ավանդույթ ունենք՝ ամեն տարի միջտարածաշրջանային ֆորում ենք անցկացնում, որը նույնպես շատ կարևոր ձևաչափ է։ Շատ ուրախ եմ, որ վաղը կկայանա մեր խորհրդարանական գործընկերների այցը Հայաստան»,- ասաց նա։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը և Ռուսաստանի Դաշնությունը պետք է շարունակեն խորացնել ինտեգրումը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում։
«Մենք բավականին հաջող համագործակցում ենք ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ շրջանակներում, ունենք նաև խորհրդարանական վեհաժողովներ, որոնք նույնպես լավ են գործում»,- ասաց նա։
Փաշինյանն ապրիլի 19-ից երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Մոսկվայում։ Երեքշաբթի նա հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, նախատեսված են հանդիպումներ նաև վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։
Վարչապետը նաև գրառում է կատարել ՌԴ Դաշնային խորհրդի պատվավոր հյուրերի մատյանում։
Նշենք, որ հայկական կողմից հանդիպմանը ներկա են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։