«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցը կռիվ է գցել իշխող խմբակցությունում․ մեր աղբյուրներն ասում են, որ Փաշինյան-Պուտին համատեղ հայտարարությունից հետո «արեւմտյան» կամ, ավելի ճիշտ՝ սորոսական հատվածն ուղղակի միտինգ է անում խորհրդարանի ներսում եւ անթաքույց սպառնում Նիկոլ Փաշինյանին՝ «ռսի սապոգը լիզելու» եւ Արեւմուտքի տակից փախչելու համար։ Փոխարենը խանդավառված է մյուս` պրոռուսական թեւը: Չնայած Փաշինյանը ո՛չ Մոսկվա մեկնելուց առաջ եւ ո՛չ էլ հետո չի հանդիպել պատգամավորների հետ, չի ներկայացրել այցի արդյունքները, սակայն հայտարարության տեքստում Արցախի հարցի մասին հպանցիկ հիշատակման փաստը իշխանական պատգամավորներին թույլ է տվել այդ այցը դրական գնահատել` խնդրի կարգավորման առումով։ Բանն այն է, որ շաբաթներ առաջ՝ բրյուսելյան հանդիպումից հետո, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի տարածած հայտարարության մեջ Ղարաբաղի մասին բառ անգամ հիշատակված չէր»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Օրաթերթի խմբագրություն է դիմել դերասան Մարկ Սաղաթելյանի այրին՝ Նունե Միքայելյանը, եւ հայտնել, որ անելանելի վիճակում է: «Կարեն Մանուկյանը, որն Արաբկիրի դատախազ Սիսակ Խաչատրյանի կնոջ՝ Լուսինե Մանուկյանի եղբայրն է, իր կնոջ՝ Լոլիտա Մանուկյանի հետ ինձանից հետ վերադարձնելու պայմանով վերցրել են 141 հազար ԱՄՆ դոլար, որից հետո Երեւան քաղաքի Վահագնի թաղամասում իրենց բնակարանը ինձ վաճառելու պատրվակով կրկին վերցրել են 100 000 դոլար, սակայն բնակարանը չեն վաճառել, եւ այդ գումարներից վերադարձրել են ընդամենը 74 000 ԱՄՆ դոլարը։ Այս ամենի արդյունքում ինձ պատճառել են 167 000 հազար ԱՄՆ դոլար գույքային վնաս»: Նունե Միքայելյանը նշեց, որ մտավախություն ու կասկածներ ունի, թե գործում խառնված է Արաբկիր դատախազ Սիսակ Խաչատրյանը եւ փորձում է օգնել իր մտերիմներին, որ չպատժվեն»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար կնշանակվի Արկադի Փելեշյանը՝ հանրահայտ Ական, որն անցած 5 տարիներին Մամիկոն Ասլանյանի տեղակալն էր։ Նա ավագանու ընտրություններում գլխավորեց Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության ցուցակը եւ ստացավ 5 մանդատ: Փելեշյանը հայտնի է նրանով, որ պարբերաբար հայտնվում է տարբեր սկանդալներում եւ 2008-ին դատապարտվել է խուլիգանության համար (ըստ դատավճռի՝ ալկոհոլ օգտագործած վիճակում ընկերների հետ գնացել է խանութ, վիճել աշխատողների հետ, հայհոյել եւ ջարդել խանութում եղած ապրանքները)։ Դրանից մի քանի տարի առաջ էլ ծեծել էր Ավետարանական եկեղեցու հոգեւոր առաջնորդին»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Միսակ Բալասանյանը, կնշանակվի Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոս: Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ թեեւ իշխանությունների հետ կոնկրետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նշանակման մասով, սակայն որոշակի խնդիրներ են առաջ եկել: Բանն այն է, որ Միսակ Բալասանյանի անունը կապված է որոշ աղմկահարույց դեպքերի հետ, եւ հիմա ամեն ինչ անում են այդ դեպքերով նրա անունը «մաքրելու» համար: Իսկ ի՞նչ աղմկահարույց դեպքերի մասին է խոսքը: 2012 թվականին դանակահարել Էին «Գյումրի-Գարեջուր» ՍՊԸ ընկերության անվտանգության աշխատակցին, որը մահացել էր, եւ այս դեպքով մամուլում շոշափվեց ընկերության նախագահ Միսակ Բալասանյանի անունը»:
«Իրավունք» թերթը գրում է. «Վերջին շաբաթներին, մասնավորապես հայաստանյան ներքին շուկայում նկատվում է դոլարի փոխարժեքի պարբերական անկում: Փաստն այն է, որ մոտ 1.5 ամսում դրամի նկատմամբ դոլարը նվազել է շուրջ 50 դրամով: Սա ի՞նչ տենդենց է, ինչո՞վ է պայմանավորված: Հարցի պատասխանը փորձեցինք ստանալ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանից, ով հակիրճ ներկայացրեց. «Բացառապես պայմանավորված է ԱՄՆ-ի հանգամանքով: Գաղտնիք չէ, որ ԱՄՆ-ն ունի արտահանման ավելացման լուրջ խնդիրներ, ինչի արդյունքում արհեստական արժույթի նվազման խնդիր են ստեղծում: Դոլարի նվազման տենդենց առաջիկայում դեռ պետք է սպասել»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մինչեւ ս.թ. մայիսի 6-ը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական կտա: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ ապրիլի 5-ին գրել էր, որ Սահմանադրական դատարանը ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի դեմ որոշում է կայացնելու։ Իսկ ի՞նչ որոշման մասին է խոսքը: 2021 թվականի սեպտեմբերի 23-ին սահմանադրագետ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը հայտնել էր, որ «Հայաստան» խմբակցության կողմից համապատասխան դիմում է ներկայացվել ՍԴ` ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցը վիճարկելու»։