Մենք դուրս ենք գալիս փողոցային պայքարի՝ այս ազգադավ իշխանություններին հեռացնելու նպատակով։ Ապրիլի 25-ից սկսում ենք անժամկետ բողոքի գործողություններ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել է ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Մեր երկիրը հասել է մի այնպիսի նոր հանգրվանի, որ հաջորդ փուլն այսպես շարունակելու դեպքում Հայաստանի և Արցախի համար լինելու է կործանարար։ Մենք կանգնած ենք ոչ միայն հայրենիքից նոր զիջումների, այլև առհասարակ, պետականության կորստի իրական վտանգի առջև։ Սա պարզապես խոսքեր չեն, սա դառը իրականություն է»,- հավելեց ընդդիմադիր փոխխոսնակը։
Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց իրենց առաջիկա ծրագրերը։
«Արիլի 23-ին տեղի է ունենալու ավանդական Ջահերով երթ, մեր պահանջատիրության, մեր միասնականության, մեր պայքարը խորհրդանշելու, մեր ուխտի երթը։ Ապրիլի 25-ից սկսած Հայաստանի մարզերից՝ չորս խորհրդանշական վայրերից, քայլերթով կշարժվեն դեպի մայրաքաղաք Երևան։ Այդ ընթացքում ապրիլի 25-ից սկսած յուրաքանչյուր օր Երևանում տեղի կունենան տարբեր ակցիաներ, քայլեր, գործողություններ և երթեր։ Մենք մեր ամբողջ ծրագրի մասին յուրաքանչյուր օր ամենժամյա ռեժիմով ձեզ կտեղեկացնենք»,- մանրամասնեց նա։
«Հայաստան» խմբակցության ներկայացուցչի խոսքով՝ սա պայքար չէ հանուն իշխանության, պայքար է հանուն հայկական Արցախի, հանուն պետականության, հանուն հայ տեսակի։ Համաժողովրդական պայքար է, որը պետք է վերածվի համազգային դիմադրության։
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ից «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում անժամկետ բողոքի ակցիա և նստացույց է սկսել՝ ի պաշտպանություն Արցախի։
Ի դեպ, փողոցային պայքարի դուրս եկած «Պատիվ ունեմ» խմբակցոթյան պատգամավոր Արթուր Վանեցյանն իր հերթին Ազատության հրապարակից ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց, որ պայքարի երկրորդ փուլը մեկնարկելու է ապրիլի 25-ից։
«Հուսով եմ, որ մենք միասին կարողանալու ենք դժգոհության հզոր ալիք բարձրացնել և հասնել մեր վերջնական նպատակին։ Ապրիլի 23-ին՝ ժամը 18։00-ին, եկեք Ազատության հրապարակ, որ միանաք Ջահերով երթին։ Այս անգամ ջահերով երթը տարբերվելու է իր էությամբ։ Բացի հարգանք տուրք մատուցելու խորհրդից, ջահերով երթով ցույց ենք տալու մեր միասնությունը և ասելու ենք, որ մենք տեր ենք մեր հայրենիքին, մեր պետությանը և ժողովրդին»,- նշեց Վանեցյանը։