Առավոտյան 11։00-ին Իջևանից Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները կսկսեն իրենց երթը դեպի Երևան։ Այս մասին Facebook-ի էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Նա նաև տեղեկացրել է, որ առաջիկայում նման երթեր կմեկնարկեն Հայաստանի այլ մարզերից ևս։
Իսկ մի քանի օր անց տարբեր ուղղություններով Երևան ժամանած քաղաքացիներին կդիմավորեն մայրաքաղաքում։
Իսկ մինչ այդ մենք Երևանում կիրականացնենք ամենօրյա իրազեկման երթեր։ Առաջին երթը կմեկնարկի այսօր՝ ժամը 18։30-ին՝ Կոմիտասի պողոտայի Սբ. Խաչ եկեղեցու մոտ։
Ավելի վաղ Իշխան Սաղաթելյանը հայտարարել, որ ապրիլի 25-ից ամբողջ Հայաստանով սկսվելու են անդադար բողոքի ակցիաներ, քայլեր և գործողություններ։ Ապրիլի 25-ից սկսած՝ Հայաստանի մարզերից, 4 խորհրդանշական վայրերից ցուցարարները քայլերթով շարժվելու են դեպի մայրաքաղաք Երևան։ Յուրաքանչյուր օր Երևանում տեղի են ունենալու տարբեր ակցիաներ, քայլեր, գործողություններ, երթեր։
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ից «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է անժամկետ բողոքի ակցիաների և նստացույցի մասին։