Այսօր մեկնարկած պայքարի երկրորդ փուլը լինելու է ավելի ակտիվ, դինամիկ։ Դրա նպատակն է ավելի շատ մարդ մոբիլիզացնել մեր պայքարի շուրջ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նա ևս մեկ անգամ պնդեց, որ իրենց պայքարը Հայաստանի, Արցախի անվտանգության, Արցախում ու Հայաստանում ապրող մարդկանց համար է։
Ընդդիմադիր գործիչը նաև կոչով դիմեց երիտասարդությանը։
«Ուզում եմ դիմել երիտասարդներին, որոնք մեր ապագան են, կառուցելու են մեր երկիրը։ Հարգելի երիտասարդներ, եղբայրներ ու քույրեր, դիմում եմ ձեզ որպես ձեզանից մի քիչ տարիքով մեծ, դիմում եմ ձեզ որպես մարդ, ով շատ է գնահատում երիտասարդներին։ Դուք եք կառուցելու մեր երկրի ապագան, ձեր քայլերով, գործողություններով կարող եք որոշել, թե ինչպիսի երկիր, Հայաստան, Արցախ մենք պետք է ունենանք»,- ասաց նա՝ հայտարարելով, որ երիտասարդությունը պետք է արթնանա։
Վանեցյանը տեղեկացրեց նաև այսօր նախատեսված գործողությունների մասին՝ օրվա ընթացքում իրազեկման երթեր Երևանի տարբեր հատվածներում, ժամը 18։00-ին հավաքվելու են Ազատության հրապարակում։
Արթուր Վանեցյանը տեղեկացրեց նաև այսօր նախատեսված գործողությունների մասին՝ օրվա ընթացքում իրազեկման երթեր կլինեն Երևանի տարբեր հատվածներում, իսկ ժամը 18։00-ին հավաքվելու են Ազատության հրապարակում։
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ից «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարել է անժամկետ բողոքի ակցիաների և նստացույցի մասին։
Նշենք, որ ապրիլի 25-ից «Հայաստան» խմբակցության պատգամավորը և քաղաքացիներն սկսել են իրենց երթը դեպի Երևան։
Ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ ապրիլի 25-ից ամբողջ Հայաստանով սկսվելու են անդադար բողոքի ակցիաներ, քայլեր և գործողություններ։ Ապրիլի 25-ից սկսած՝ Հայաստանի մարզերից, 4 խորհրդանշական վայրերից ցուցարարները քայլերթով շարժվելու են դեպի մայրաքաղաք Երևան։ Յուրաքանչյուր օր Երևանում տեղի են ունենալու տարբեր ակցիաներ, քայլեր, գործողություններ, երթեր։