«Հրապարակ» թերթը գրում է. «Վաշինգտոնում հայկական համայնքի մեր աղբյուրների փոխանցմամբ, Լիլիթ Մակունցը խուսափել է մասնակցել համայնքի ապրիլքսանչորսյան միջոցառումներին: Նախ, առավոտյան Վաշինգտոնի երկու հայկական եկեղեցիներում սգո պատարագ է մատուցվել, անցկացվել են մի շարք համայնքային միջոցառումներ: Մակունցը որեւէ տեղ չի եղել` ո՛չ պատարագին, ո՛չ էլ անգամ հայ փոքրիկների կազմակերպած՝ ցեղասպանության վերաբերյալ թատերական ներկայացմանը:
Մակունցի խուսափելն ապրիլքսանչորսյան միջոցառումներից Վաշինգտոնում ընկալվում է որպես պահանջատիրությունից եւ ընդհանրապես ցեղասպանության միջազգային ճանաչման թեմայից Հայաստանի իշխանությունների խուսափում, ինչը, համայնքի ընկալմամբ, հանցագործության պես մի բան է: Մակունցն ապրիլի 24-ը նշել է միայն մի փոքր խումբ յուրայինների հետ, որոնց թվում` դեսպանության աշխատակիցներ ու նրանց ընտանիքի անդամներ, ծաղիկներ դնելով դեսպանության դարպասների ներսում տեղադրված խաչքարի մոտ»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը երեկ տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ վերահսկողական գործողություններ են իրականացվում հինգ տասնյակից ավելի վերահսկվող օբյեկտներում՝ պետական կառավարման համակարգի մարմիններում, նրանց ենթակա հիմնարկներում, ինչպես նաև՝ մի շարք տեղական ինքնակառավարման մարմիններում:
Ի մասնավորի, այդ ցանկում են Երևանի քաղաքապետարանը, ՀՀ պաշտպանության նախարարությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը, «Հայփոստ» ՓԲԸ-ն, «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն և այլն: «Փաստ» թերթի տեղեկություններով, այդ ուսումնասիրությունների արդյունքում արդեն իսկ բացահայտվել են բազմաթիվ չարաշահումներ. ի մասնավորի, ուսումնասիրվող միայն մեկ կառույցում 10 մլրդ դրամից ավելի չարաշահումներ են հայտնաբերվել»:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեկ շաբաթ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն Ազատության հրապարակում նստացույց էր անում` Արցախի փրկության եւ, ըստ այդմ` ՀՀ իշխանություններին հեռացնելու օրակարգով։ Նա այս ընթացքում անընդհատ հարցազրույցներ էր տալիս եւ մի քանի անգամ հայտարարել է, թե այլեւս չի վերադառնալու խորհրդարան, չի պատկերացնում այնտեղ իր աշխատանքը․
«Մի խորհրդարանում, որտեղ հայտարարում են, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, որ Արցախում ապրող հայը կարող է ապրել ադրբեջանցու ենթակայության տակ, ես այդ խորհրդարանում չգիտեմ այլեւս ինչով պետք է զբաղվեմ»:
Երկու դեպքում էլ` ե՛ւ հաջողության, ե՛ւ անհաջողության պարագայում, ենթադրվում է, որ Վանեցյանը վայր կդնի մանդատը: Այդ պարագայում խորհրդարան կմտնի ցուցակի հաջորդ համարը՝ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որը «հարուստ» անցյալ ունի` իշխանամերձ մատույցներում, ընտրությունների եւ անգամ բիզնես գործունեության ոլորտում»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 22-ի Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ բավական ուշագրավ հայտարարություններ է հնչեցրել։ Նա ասել է, թե Փաշինյանը չի պատրաստվում Արցախը հանձնել: Ճիշտ է` Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրին այլընտրանք չկա, բայց «Նիկոլն ամեն ինչ անելու է Արցախը պահելու համար»։
Ընդդիմադիրները տարակուսած հակադարձել են` եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, եւ միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչեն, դա կնշանակի Արցախը զիջել Ադրբեջանին: Հարությունյանը փոխանցել է Փաշինյանի հավաստիացումները, որ պայմանագրում հատուկ կետ է լինելու, թե Արցախի հարցը կապ չունի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ։ Ավելին` Արցախի նախագահը վերաշարադրել է Փաշինյանի պատմածը, թե` ՌԴ նախագահ Պուտինը մոսկովյան հանդիպման ժամանակ ասել է՝ հարցը դեռ տաք է, պետք է թողնել սառչի, նոր որոշում կայացնել, իսկ մինչ այդ խոստացել է ապահովել արցախցիների անվտանգությունը։ Ընդդիմադիրները հակադրվել են՝ քանի՞ տարի ռուսը պիտի պահի, քանի դեռ կարգավիճակի հարցը լուծված չէ, իրենք դեմ են նման պայմանագրի ստորագրմանը»:
«Փաստ» օրաթերթը գրում է. «Թերթի հավաստի տեղեկություններով, այս օրերին թե՛ Երևանում, թե՛ առավել ևս մարզերում իրավապահների ուշադրության կենտրոնում են հեղինակություն, ճանաչում ունեցող անձինք: Մեր աղբյուրների փոխանցմամբ, խոշորացույցով ուսումնասիրվում է նրանց ամեն մի քայլը՝ ուր գնացին, ում հետ հանդիպեցին, որքանով են առնչվում կամ մասնակցում ընդդիմության ակցիաներին:
Ի դեպ, մեր զրուցակիցներից մեկը, որն իր առումով ակնհայտ նկատել է այս «ուշադրությունը», հումորով նշեց, թե «նման օրերին ավելի ապահով ենք ապրում, քանզի հայրենի իրավապահների աչառու հսկողության ներքո ենք»: