«Իրավունք» թերթը գրում է. «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն ընդդիմության որեւէ քննարկման եւ որոշումների կայացման մեջ ներգրավված չէ եւ ստեղծված իրավիճակի սահուն եւ արդյունավետ լուծումը տեսնում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու մեջ: Այս մասին նշեց ԱԺ յոթերորդ գումարման «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը:
-Իսկ եթե իշխանությունը կրկին վերարտադրվի, աշխարհում պրակտիկա կա` երկու, երեք, չորս արտահերթ ընտրություններ պետք է կատարվեն, մինչեւ ունենանք գաղափարական հենք եւ սառը հաշվարկ: Որովհետեւ եթե խնդիրը անձին մեկ այլ անձով փոխելն է, դրանով չեն լուծվելու այն բոլոր անվտանգային, սոցիալ-տնտեսական մարտահրավերները, որի առջեւ կանգնած ենք»:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում տեղի ունեցած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումից հետո կողմերը հայտարարություն էին տարածել, ինչի մի դրույթն էլ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների դեմարկացիային ու դելիմիտացիային էր վերաբերում: Օրաթերթը երեկ ամբողջ օրը փորձեց տեղեկանալ, թե քաղաքական իշխանությունը վերոհիշյալ աշխատանքային խումբը ձեւավորելու համար ինչ քայլեր է իրականացնում: Ազգային ժողովի արտաքին հարաբերությնների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը մեր զանգերն անպատասխան թողեց: Հանձնաժողովի փոխնախագահ Հայկ Մամիջանյանը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ աշխատանքային խումբ ձեւավորելու մասին իրեն որեւէ բան հայտնի չէ»:
«Իրավունք» թերթը գրում է. «Վերջին օրերին արցախյան պատգամավորները տարօրինակ կերպով խուսափում են Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների մասին կարծիք անգամ հայտնել: Այն դեպքում, երբ այս զարգացումների առանցքը Արցախի փրկությունն է: Բոլորը, գրեթե միախմբված, ասում են, որ այս պահին դեռ քննարկումների մեջ են, որ ասելիք ունենալուն պես կխոսեն:
Հարցին, արդյոք ԱՀ Անվտանգության խորհրդի վերջին նիստում Արայիկ Հարությունյանի հայտարարությունն առ այն, որ Փաշինյանն առանց Արցախի պաշտոնական որեւէ փաստաթուղթ չի ստորագրի, վստահությու՞ն է ներշնչել, ՀՅԴ-ական Դավիթ Իշխանյանը խուսանավելով՝ միայն ասաց. «Կխոսենք, այդ մասին էլ կխոսենք»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը մտադիր է Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ անցկացնել Երեւանում, թերեւս՝ ուրբաթ օրը։ Նպատակն Արցախի մասին նախկին հայտարարությունները խմբագրելն է, որ ՀՀ ղեկավարությունը չի պատրաստվում Արցախը հանձնել Ադրբեջանին, Արցախի ճակատագիրը որոշելու են արցախցիները։
Մեր աղբյուրն ասաց, որ սա ամենեւին չի նշանակում, թե Փաշինյանը հետ է կանգնել իր ծրագրերից՝ չի ստորագրելու խաղաղության պայմանագիրը։ Այլ սրանով փորձում է Արցախի եւ Հայաստանի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների դարձնել իր հանցակիցը, հերթական անգամ խաբել հանրությանն ու ժամանակ շահել՝ հանգցնելով պայքարի կրակը։ Արցախում տարակուսած են՝ եթե Ա․ Հարությունյանի դեպքը պարզ է, ապա ինչպե՞ս են սրան մասնակցելու ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանն ու ԱԽ անդամները»:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցը մի քանի օր է՝ քննարկվում է տարբեր շրջանակներում։ Ըստ լրատվամիջոցի, նա ասել է․ «Կան որոշ մարդիկ, որոշ ուժեր, որոնք անընդհատ փորձելու են Արցախը մտցնել այդ խաղի մեջ՝ դրանով քաղելով դիվիդենտներ, հարվածելով Արցախին, ասել է թե՝ հարվածելով հայ ժողովրդին, հայոց պետականությանը․․․ իհարկե, մենք ուշի-ուշով հետեւում ենք, պարտավոր ենք, բայց չենք մասնակցում այդ գործընթացներին, որովհետեւ չափազանց կարեւորում ենք պահը, իրավիճակը»։
Մենք Բաբայանին հարցրինք՝ ի՞նչ վրիպում է եղել, եւ ո՞ւմ նկատի ուներ, երբ ասում էր՝ որոշ ուժեր փորձում են Արցախը խաղի մեջ մտցնել։ Բաբայանն ասաց՝ հարցազրույցը պետք է ամբողջությամբ դիտել, այլ ոչ թե կարդալ ծաղկաքաղը․ «Այդ տեքստում ներկայացված էր իմ ներկայացրած գաղափարների մի մասը, դրա համար էլ նման ռեզոնանս է ստացվել։ Իսկ որոշ ուժերի մասով․․․ Խոսքը չի վերաբերում նորմալ ուժերին, ես, օրինակ, անընդունելի եմ համարում, երբ պղծում են Արցախի դրոշը՝ ով ուզում է լինի, անընդունելի եմ համարում, որ որոշ մարդիկ ասում են, որ Արցախը կարող է Ադրբեջանի կազմում լինել, կամ որ մեկը մատ է թափ տալիս Արցախի վրա»։