Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երկուշաբթի` մայիսի 2-ին, Բրյուսելում կհանդիպի Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ:
«Քննարկելու ենք մի շարք հարցեր Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին վերաբերող»,- «Ազատության» եթերում ասել է Արմեն Գրիգորյանը` հնարավոր համարելով, որ սրան կարող է հաջորդել Փաշինյան-Ալիև հանդիպումը:
«Եթե մենք կարողանանք այն բոլոր հարցերի պատասխանները ստանալ Բրյուսելում, ապա կարող ենք նաև քննարկել երկրի առաջնորդների մակարդակով հանդիպում Բրյուսելում»,- նշել է ԱԽ քարտուղարը:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ մայիսի սկզբին Բրյուսելում կարող են հանդիպել Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի նախորդ հանդիպումը կայացել էր մարտի վերջին Բրյուսելում։
Ի դեպ, հավելենք, որ «Լուրերի» հետ զրույցում ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանն ասել է՝ Բրյուսելում նման հանդիպման մասին այս պահին տեղեկատվություն չկա: