Ամբողջ ոստիկանական համակարգը հանել են ոտքի, ովքեր արձակուրդում են, կանչել են աշխատանքի։ Իսկ որոշ օլիգարխներ ոստիկանների մեջ մարդիկ ունեն, նրանք իրենց լկտի են պահում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Խոսելով հայտարարված դասադուլի մասին՝ ընդդիմադիր գործիչը հայտնեց, որ ԵՊՀ-ում 70-80 տոկոսով դասադուլ է։
«Ամեն ինչ գնում է ըստ ծրագրի, ըստ մեր ժողովրդի պահանջի։ Մարդիկ ոտքի են կանգնել։ Այն խնդիրները, որ դրված են մեր առջև, հստակ իրականացվում են։ Իրականացվում է, որովհետև թիկունքում կա ժողովուրդ»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հայտարարություններին՝ նա պատասխանեց․ «Դրանք ովքե՞ր են, որ մեզ ԱԺ չթողնեն, դրանց գլխարկին է մենակ «դուխով» գրած, թե չէ դրանք ի՞նչ դուխով։ Դեռ ավելին՝ ուրիշ շենքեր էլ ենք մտնելու»,- նշեց Սաղաթելյանը։
ԱԺ փոխխոսնակը չբացառեց, որ իրենք իշխանության դեմ պայքարը կշարունակեն նաև խորհրդարանական ամբիոնից, միևնույն ժամանակ նշելով, որ անհնազանդության գործողությունների գեղեցիկ դրվագներ են լինելու։
Իսկ ժամը 18։00-ին Ֆրանսիայի հրապարակում կրկին հանրահավաք տեղի կունենա։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Իշխան Սաղաթելյանը կոչով դիմել էր ՔՊ պատգամավորներին՝ կոչ անելով այն պատգամավորներին٫ որոնք արյունոտված չեն, միանալ ժողովրդին:
Ի պատասխան՝ ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ նշել է․ «Իշխանը շատ փոքր ձուկ է խմբակցության հասցեին նման սպառնալիք հնչեցնելու համար, և այդ կապակցությամբ կառաջարկեմ Իշխանին իր խմբակի հետ նեկայանալ մայիսի 3-ի ԱԺ նիստին և առանց ձայնի ու ձեռքերի դողի, նույնը կրկնել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների աչքերին նայելով, որպես վերջին հնարավորություն»։
Հավելենք, որ մայիսի 1-ին ընդդիմությունը փակել է Ֆրանսիայի հրապարակը և վրաններ տեղադրել։ Այսօր էլ սկսվել են անհնազանդության ակցիաները։