«Զանգվածային լրատվության մասին» օրենքի համաձայն՝ լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցվել նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումով՝ լրագրողի հավատարմագրման մերժման և դադարեցման այլ հիմքերը կարող են սահմանվել համապատասխան պետական մարմնում լրագրողների հավատարմագրման կարգով:
Oրենսդիրը նախատեսել է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու մեկ եղանակ՝ նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմումը: Ուստի «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ պարբերությամբ նախատեսված այն օրենսդրական հնարավորությունը, որի համաձայն՝ լրագրողի հավատարմագրման մերժման և դադարեցման այլ հիմքերը կարող են սահմանվել համապատասխան պետական մարմնում լրագրողների հավատարմագրման կարգով, վերաբերում է միայն լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի կողմից՝ լրագրողի հավատարմագրումը դադարեցվելու դիմում ներկայացնելու այլ հիմքեր սահմանելուն։
Այս առումով արդարադատության նախարարությունն առաջարկում է դիտարկել լրագրողին հավատարմագրած պետական մարմնի կողմից սեփական նախաձեռնությամբ հավատարմագրումը դադարեցնելու հիմքերն օրենքով նախատեսելու հարցը:
Հիշյալ առաջարկությունը բխում է ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածի պահանջներից, որոնց համաձայն՝ հիմնական իրավունքները և ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը և ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունք-ների և ազատությունների կրողները և հասցեատերերն ի վիճակի լինեն դրսևորելու համապատասխան վարքագիծ: