Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները երկրի ներքին գործն են, բայց Մոսկվան շահագրգռված է իրավիճակի շուտափույթ կարգավորմամբ։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով TACC-ի հարցին։
«Դա ամբողջությամբ Հայաստանի ներքին գործն է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը՝ խոսելով Հայաստանում ընդդիմության հանրահավաքների մասին։
Նա ընդգծել է, որ Երևանը Մոսկվայի դաշնակիցն է․ «Հայաստանը մեր դաշնակիցն է։ Մեր գործընկերն է մեզ համար մի քանի շատ կարևոր ինտեգրացիոն ձևաչափերով։ Ուստի, իհարկե, մենք շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանում որքան հնարավոր է շուտ ավարտվի այդ շրջանը և նորից կայունության շրջան գա, ինչը թույլ կտա փուլ առ փուլ շարժվել դեպի Ղարաբաղի վերաբերյալ այն եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ արդեն ավարտվել են»,- ասել Է Կրեմլի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ Երևանում այսօր վաղ առավոտից կրկին սկսվել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները: Մի շարք փողոցներ փակվել են: Ընդդիմությունը մայիսի 2-ից սկսել է անհնազանդության ակցիաներ իրականացնել Երևանում՝ փակելով մի շարք կենտրոնական փողոցներ։ Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողն իջեցնելու հայտարարությունից հետո Հայաստանում արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ բողոքի ակցիաներ են սկսվել: