Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի խոսքով՝ Բաքուն ուշադիր հետևում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին։ Բայրամովի խոսքը մեջբերել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ Բայրամովի՝ ակցիաների կազմակերպիչները 30 տարի շարունակ կեղծ խոստումներ են տվել հայ ժողովրդին և այսօր Հայաստանը տանում են դեպի անդունդ։
«Սա իշխանության համար պայքարի բաղկացուցիչ մասն է, ուզում են նորից բարձրացնել Ղարաբաղի թեման։ Իհարկե, մենք հետևում ենք այս գործընթացներին։ Այնտեղ հանրային լայն աջակցության մասին խոսք չկա, լավագույն դեպքում նույնիսկ հինգ-վեց հազար մարդ չկա։ Եվ սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հայ հասարակությունը հոգնել է այս կեղծ խոստումներից ու պատրանքներից»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ Երևանում այսօր վաղ առավոտից կրկին սկսվել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիաները: Մի շարք փողոցներ փակվել են: Ընդդիմությունը մայիսի 2-ից սկսել է անհնազանդության ակցիաներ իրականացնել Երևանում՝ փակելով մի շարք կենտրոնական փողոցներ։
Հիշեցնենք նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ նշաձողն իջեցնելու հայտարարությունից հետո Հայաստանում արդեն ավելի քան մեկ շաբաթ է՝ բողոքի ակցիաներ են սկսվել: