Աջակցում ենք Լեռնային Ղարաբաղին առնչվող հարցերի կայուն լուծմանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։
«Մենք առաջարկում ենք աջակցություն այս գործընթացին։ Անցած ամառվա վերջից մենք ՀՀ կառավարությանն ասել ենք, որ պատրաստ ենք ավելին անել, բայց ամեն դեպքում որոշումը կկայացնեն երկու երկրները, քանի որ ես ընդամենը միջնորդ եմ։
Միջնորդ լինել՝ չի նշանակում առաջարկներով ու լուծումներով հանդես գալ։ Միջնորդություն՝ նշանակում է ստեղծել այնպիսի միջավայր, որի շրջանակում կողմերը կգան ընդհանուր համաձայնության։ Մենք այս հարցում ներգրավում ենք նաև գործընկեր երկրներին»,- հավելել է դեսպանը։
Մեկնաբանելով Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակը՝ ԵՄ առաքելության ղեկավարն ընդգծել է, որ բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունները չպետք է դուրս գան օրենքի սահմաններից։