Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն այսօր հայտարարել է, որ Թեհրանը կտրականապես դեմ է սահմանային ջրերում ամբարտակների կառուցման թուրքական նախագծին։ Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ-ն:
«Մենք համոզված չենք սահմանային ջրերում Թուրքիայի կողմից ամբարտակ կառուցելու անհրաժեշտության մեջ և ի լուր աշխարհի հայտարարում ենք, որ այդ նախագիծն անընդունելի է, մենք դեմ ենք դրան։ Ես Թեհրանում և Նյու Յորքում երկու հանդիպումների ժամանակ, ինչպես նաև հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարարին խնդրեցի ուշադրություն դարձնել Արաքս գետի վրա ամբարտակների կառուցմանը»,- հայտարարել Է Իրանի ԱԳ նախարարը։
Աբդոլլահիանի խոսքով՝ Իրանը 4 ամիս առաջ Թուրքիային առաջարկել էր ջրի հարցերով համատեղ հանձնաժողով ստեղծել, որպեսզի երաշխավորի, որ Թուրքիայի կողմից ամբարտակի կառուցումը բացասական ազդեցություն չի ունենա Իրանում սպառվող ջրի վրա: Իրանի ԱԳ նախարարը նաև հայտարարել է այդ հարցի շուրջ իրաքյան կողմի հետ բանակցությունների մասին:
Նշենք, որ քաղցրահամ ջրի մեծ մասը Հարավային Կովկասի տարածաշրջանը ստանում է անդրսահմանային Քուռ և Արաքս գետերից. երկուսն էլ սկիզբ են առնում Թուրքիայում և հոսում դեպի Կովկաս: Թուրքիան էապես ակտիվացրել է ամբարտակների կառուցումը նաև Արաքս գետի վրա, որի վրա արդեն ավելի շատ ամբարտակներ են կառուցվել, քան Քուռի վրա։
Ըստ eurasianet.org-ի՝ Թուրքիան 2012-2014թթ.Արաքսի վրա վեց հիդրոէլեկտրակայան է կառուցել և այժմ նախատեսում է ևս 8 ՀԷԿ կառուցել։ Ավարտվածների թվում են «Կարաքուրտ» եւ «Ալպ-Ասլան 2» նախագծերը։ Ջրօգտագործողներն արդեն իսկ մտահոգություն են հայտնել «Կարաքուրտ» ամբարտակի առնչությամբ, որը Արաքսի հոսանքը նվազեցրել է 1,6 մլրդ խմ-ով: Այլ՝ ավելի խոշոր նախագծեր են նախատեսվում, որոնցից հատկապես առանձնանում է վերջերս «Սալեմեզ» ամբարտակի նախագիծը։
113 մետր բարձրությամբ այդ ամբարտակը, որի ծավալը 1,4 մլրդ խորանարդ մետր է, պետք է ստեղծի Թուրքիայի մեծությամբ չորրորդ ջրամբարը։ Գետի վերին հոսանքում նման ամբարտակի առաջացման հետևանքներն իրենց ազդեցությունեը կունենան առաջին հերթին Հայաստանի Արարատյան դաշտավայրում, որն ապահովում է հայկական գյուղարտադրության 36 տոկոսը։