Ադրբեջանն ու Հայաստանը նշում են Ռուսաստանի կարևոր նախաձեռնողական դերը որոշակի պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում։ Այս մասին Դուշանբեում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ ի թիվս այլ հարցերի, քննարկվել է իրավիճակը հարավկովկասյան տարածաշրջանում։
«Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերները նշել են Ռուսաստանի Դաշնության կարևոր ակտիվ դերը 2020 թվականի նոյեմբերին հայտնի պայմանավորվածությունների և Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի հետագա պայմանավորվածությունների ձեռքբերման գործում, որոնք ձեռք են բերվել արդեն 2021 թվականին եռակողմ ձևաչափով համագործակցություն տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերի լուծման, սահմանի սահմանագծման և սահմանազատման նախապատրաստման և, ընդհանրապես, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման խնդիրների լուծման համար»,- ասել է Լավրովը։
Նշենք, որ նախարարների խորհրդի նիստին մասնակցում է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Մայիսի 12-ի երեկոյան համաժողովի շրջանակներում Միրզոյանը հանդիպել է իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ, որին հաջորդել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ը հայտնել էր, որ Արարատ Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև ԱՊՀ երկրների գործընկերների հետ։