Ոստիկանություն ինքնակամ ներկայացած ՀՅԴ ՀԵՄ անդամ Գևորգ Մուրադյանը նախօրեին՝ մայիսի 13-ին, ձերբակալվել է։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Նախօրեին Գյումրիում կալանավորվեց իմ ուղեկցությամբ իրավապահներին ներկայացած ՀՅԴ ՀԵՄ անդամ Գևորգ Մուրադյանը, մեր ազնիվ, նվիրյալ, հայկական ընտանիքից սերած երիտասարդը: Մեկ օր առաջ էր տեղեկացել, որ իրավապահները փնտրում են իրեն:
Թաքնվելու կարիք չուներ, թեև կարող էր, քանի որ իր, ընտանիքի արժանապատվությունն էր պահել: Արցախյան ազատամարտի լեգենդար ՀՅԴ Պռոշյանի ջոկատի ոչ պակաս լեգենդար մարտիկ, հետո արդեն դավադիր գնդակով սպանված Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի որդին միշտ եղել է պայքարի առաջին գծում ու վստահ՝ այդպես էլ կմնա:
Ներկայացավ իրավապահներին ու միացավ քաղբանտարկյալ իր ընկերներին, համոզված, որ հանուն Արցախի, Հայաստանի պայքարը մեկ րոպե անգամ չի դադարելու. գործը շարունակողներ ու հաղթանակին հասցնողներ կան»,- գրել է նա:
Նշենք, որ Հրաչ Մուրադյանը սպանվել էր 2013 թվականի ապրիլի 2-ին՝ Պռոշյանի գյուղապետարանի առջև։