Մայիսի 18-ին Բրյուսելում տեղի կունենա Եվրամիություն-Հայաստան Գործընկերության խորհրդի չորրորդ նիստը, ասվում է ԵՄ խորհրդի հաղորդագրության մեջ։
Ինչպես նշվում է ԵՄ խորհրդի հաղորդագրության մեջ՝ հանդիպման ընթացքում կքննարկվեն ինչպես երկկողմ, այնպես էլ քաղաքական հարցեր։
ԵՄ անդամ երկրները և Հայաստանը մտքեր կփոխանակեն ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և Տնտեսական և ներդրումային ծրագրի իրականացման վերաբերյալ։
Նրանք կքննարկեն նաև Հայաստանում քաղաքական երկխոսության և բարեփոխումների գործընթացները, ժողովրդավարության զարգացումը, օրենքի գերակայությունը և մարդու իրավունքները, առևտրատնտեսական և ոլորտային համագործակցությունը, ինչպես նաև վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հեռանկարները։
Մասնակիցները կքննարկեն տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի խնդիրը, ռուս-ուկրաինական ճգնաժամը, Թուրքիան և Իրանը։