ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը խոսել է խորհրդարանական ընդդիմադիր գործընկերների գործունեության մասին։
Իշխանական պատգամավորը դժգոհություն է հայտնել, որ խորհրդարանական ընդդիմության պատգամավորներն ԱԺ նիստերին և հանձնաժողովների աշխատանքներին չեն մասնակցում։
Նրա խոսքով՝ եթե որևէ հիմնարկի աշխատակից առանց հիմնավոր պատճառի բացակայի, այդ անձն անմիջապես պատասխանատվության կենթարկվի:
Իշխանական պատգամավորի գնահատմամբ՝ ընդդիմությունը, թաքնվելով անձեռնմխելիության և որոշակի խորհրդարանական արտոնությունների ներքո, նման իրավիճակ է ստեղծել:
«Ընդդիմությունը չի էլ հայտարարել ԱԺ նիստի կամ նստաշրջանի բոյկոտ, հանձնաժողովների նիստերի աշխատանքներին չմասնակցելու վերաբերյալ որևէ քաղաքական հայտարարություն չի արվել, որպեսզի հասկանանք, որ մենք գործ ունենք ոչ թե պարզապես դասից փախչելու, այլ ինչ-որ քաղաքական դիրքորոշման հետ»,- հայտարարեց Վարդանյանը:
Իսկ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Վարդանյանը նշեց, որ քաղաքական ճգնաժամ չկա։
Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու և բացակայությունների հարցին, պատգամավորն արձագանքեց. «Ես չեմ որոշելու ԱԺ պատգամավորների բացակայության հարգելի կամ ոչ հարգելի լինելը: Ես այդ մասին տեղեկություն եմ ուղարկում ԱԺ նախագահին, և ԱԺ նախագահը, որպես ԱԺ բնականոն գործունեությունն ապահովող պաշտոնատար անձ, համապատասխան որոշումներ կկայացնի դրա վերաբերյալ: ԱԺ հաձնաժողովի նիստերին մասնակցելը ԱԺ պատգամավորների պարտականությունն է»:
Հիշեցնենք, որ մայիսի մեկից խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդները, նրանց համախոհներն ու քաղաքացիները փակել են Ֆրանսիայի հրապարակը։
Մայիսի 2-ից անհնազանդության բողոքի գործողություններ են տեղի ունենում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։