Չորեքշաբթի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկնել է, որ Թուրքիան չի աջակցի Շվեդիային և Ֆինլանդիային ՆԱՏՕ-ին անդամակցելուն, քանի որ նրանք Անկարայի խնդրանքով չեն արտահանձնել ահաբեկչության մեջ կասկածվողներին։
«Դուք մեզ չեք հանձնում ահաբեկիչներին, բայց միևնույն ժամանակ ակնկալում եք, որ մենք ձեզ կաջակցենք ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։ ՆԱՏՕ-ն անվտանգության կազմակերպություն է, ուստի մենք այո չենք ասի մի կազմակերպության, որն ինքը զրկված է անվտանգությունից»,- ասել է Էրդողանը խորհրդարանում ելույթ ունենալով իր ղեկավարած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստում, փոխանցում է TACC-ը։
Էրդողանը կրկին հորդորել է Շվեդիայի և Ֆինլանդիայի ներկայացուցիչներին ժամանակ չկորցնել Անկարա այցելելով՝ նրան համոզելու աջակցել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։
Նա նաև ասել է, որ ակնկալում է, որ ՆԱՏՕ-ն կհասկանա Անկարայի համար այնպիսի զգայուն հարցեր, ինչպիսիք են անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը։
Նշենք, որ ՆԱՏՕ-ում Շվեդիայի և Ֆինլանդիայի դեսպաններ Աքսել Վերնհոֆը և Կլաուս Կորհոնենը մայիսի 18-ին պաշտոնապես ներկայացրել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին իրենց երկրների՝ ՆԱՏՕ-ին միանալու դիմումները։