Լիտվայի Հանրապետության նախագահի հետ քննարկվել են տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերը։ Լիտվայի և Հայաստանի տեսակետներն այս հարցում նույնական են։ Այսօր նախագահական նստավայրում Լիտվայի նախագահի հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
Նրա փոխանցմամբ՝ հատուկ ընդգծվել է Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային կոթողների պահպանման անհրաժեշտությունը։
«Նախագահ Գիտանաս Նաուսեդան խոստացավ ամեն կերպ աջակցել հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանմանը։ Այդ համատեքստում կարևորվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելության այցն Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ»,- մանրամասնեց Վահագն Խաչատուրյանը։
Երկկողմ օրակարգում եղել են նաև այլ հարցեր։
ՀՀ նախագահը նշեց, որ Գիտանաս Նաուսեդայի հետ փոխըմբռնման մթնոլորտում հանգամանալից քննարկել են նաև հայ-լիտվական հարաբերությունների ներկա վիճակն ու ապագա հեռանկարները։ Տնտեսական համագործակցության հարցերը ևս չեն շրջանցվել, այդ թվում՝ երկու երկրների միջև առևտրային ծավալների ավելացումը։
«Քննարկել ենք արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և այլ ոլորտներում փոխգործակցության հարցեր»,- հավելեց նա։
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը բողոքի ակցիա է իրականացրել նախագահական նստավայրի դիմաց, որտեղ ՀՀ նախագահ Խաչատուրյանն ընդունել է Լիտվայի նախագահին։
«Մենք այնտեղ կհայտնենք մեր քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշումները, ինչպես նաև այս իշխանության բոլոր այն ստերը, որոնցով խաբում են ողջ աշխարհին։ Արտահայտելու ենք մեր քաղաքական պահանջները»,– նշել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր, շարժման անդամ Գեղամ Մանուկյանը։