Ընդդիմությունը հույս ուներ, որ կկարողանա իր ֆինանսական ռեսուրսներով մարդանց մի զգալի մասին հանել փողոց և հեղաշրջում իրականացնել։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում նան տեսակետ հայտնեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։
Նրա խոսքով՝ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ ապօրինի գույք են կուտակել և հիմա այն վատնելով՝ փորձում են Ֆրանսիայի հրապարակը քաղաքացիներով լցնել։
Ռուստամ Բաքոյանը չի կարծում, թե իշխանությունը պետք է փողոցային պայքարի դուրս եկած ընդդիմության հետ քննարկումների գնա նրանց առաջարկած օրակարգով։
Խորհրդարանականն ասում է՝ իշխանությունն ունի գործողությունների պլան, որով էլ առաջնորդվում են։
ՔՊ պատգամավորը հերքեց մամուլում շրջանավող այն լուրերը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել է ՀԱՊԿ-ին՝ Ղազախստանի օրինակով ՀՀ ընդդիմության ցույցերը ցրել։ Բաքոյանը զարմանում է, որ որևէ մեկի մեկի մտքով նման հարց է անցնում։
«Էդ որտե՞ղ է այդ իրավիճակը, որ մենք պետք է ՀԱՊԿ զորքերը բերենք։ Ես մեքենայով շրջում եմ Երևանի փողոցներով և նման իրավիճակ չեմ տեսնում։ Ոստիկանությունն առանց ուժ կիրառելու կատարում է իր գործողությունը։ Մի քանի հազար մարդու փողով փողոց դուրս գալն այդքան մեծ խնդիր է ստեղծե՞լ, որ դրսից ուժեր բերենք»,- հարց բարձրացրեց իշխանության ներկայացուցիչը։
Նրա դիտարկմամբ՝ «Հայաստան» խմբակցության ղեկավարի և որոշ պատգամավորների կողմից ցուցաբերած վարքագիծը դատապարտելի է։
«Ի՞նչ է նշանակում սպային ասել՝ ոտքդ կպոկեմ, ընդ որում դա ասում է ՀՀ պաշտպանության նախկին նախարարը։ Իսկ ի՞նչ է նշանակում, որ պատգամավորն ասում է՝ մատել թափ կտամ, ուրիշ բան էլ։ «Պատիվ ունեմ»-ի պատգամավորը ոստիկանի նկատմամբ գործողությունների է դիմում։ Անընդհատ բոլորն ասում են, որ ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառում։Անհամաչափ ո՞ւժ է, երբ ոստիկանը ցուցարարին գրկած է բերման ենթարկում, սա մենք բիրտ ուժ ենք համարո՞ւմ»,- նկատեց մեր զրուցակիցը։
Ռուստամ Բաքոյանի համոզմամբ՝ «Դիմադրություն» շարժումը մարելու է, ինչպես նախորդ տարի եղավ, ինչ-որ մի օր հասականալու են, որ սպառվել են, որովհետև չունեն օրակարգ և խոսում են չեղած բաների մասին։
Խոսելով խորհրդարանական արտահերթ ընտրության հավանականության մասին՝ նա արձագանքեց՝ երկիրը ֆուտբոլի գնդակ չէ, որ ամեն տարի գնան ընտրությունների։
«Մենք գնացել ենք խորհրդարանական արտահերթ ընտրությունների և ժողովուրդն ընտրել է այն ուժին, որին ուզում է եկող տարիներին ծառայի իրեն։ Որևէ մեկն իրավունք չունի առանց ժողովրդի կամքի գալ և իշխանություն ձևավորել»,- եզրափակեց մեր զրուցակիցը։