Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, թե մայիսի 22-ին Բրյուսելում կողմերը եկել են պայմանավորվածության ՀՀ տարածքով միջանցք ստեղծելու,այդ թվում՝ երկաթուղային և ավտոմոբիլային ճանապարհի կառուցման շուրջ:
Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները որևէ փոփոխություն չեն կրել:
«Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ կամ տրանսպորտային ուղի չի կարող գործել: Բոլոր պայմանավորվածությունները, որ ձեռք են բերվել Բրյուսելում, վերաբերվում են տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, որոնց մասին խոսել եմ նաև երեկ։ Բրյուսելում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները տեղավորվում են նախկինում ՀՀ ներկայացուցիչների արած հրապարակային հայտարարությունների շրջանակում: Հանդիպման արդյունքներով ԵՄ խորհրդի նախագահի հայտարարության մեջ էլ կարող եք տեսնել, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման համատեքստում պայմանավորվածությունները վերաբերվել են սահմանային, մաքսային հսկողության, ճանապարհային վճարների գանձման, միջազգային տարանցման կազմակերպման հարցերին: Սրանք կարևոր հարցեր են «Հայկական խաչմերուկ» նախագծի իրագործման համար և Հայաստանի կառավարությունը հետևողականորեն շարժվելու է այս ուղղությամբ»։
Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանը արդյունքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմանն ուղղված աշխատանքները, սկսել երկկողմ հանձնաժողովի աշխատանքը սահմանազատման և անվտանգության հարցերի շուրջ: