ԱՄՆ պետքարտուղարությունը ներկայացրել է մայիսի 24-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի մանրամասները։
Հաղորդվում է, որ Բլինքենն ընդգծել է Հարավային Կովկասում խնդիրների լուծման համար երկխոսության շարունակական կարևորությունը և վերահաստատել ԱՄՆ աջակցությունը ԵՄ միջնորդությամբ նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի միջև բանակցություններին:
Բլինքենը նաև վերահաստատել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը՝ օգնել Հայաստանին և Ադրբեջանին երկարաժամկետ և համապարփակ խաղաղության փնտրտուքներում՝ երկկողմ հիմունքներով, գործընկերների հետ համագործակցությամբ և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր։
Պետքարտուղարն անդրադարձել է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցին՝ ընդգծելով այս գործընթացի կարևորությունը տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման ապահովման համար։