Փետրվարի 10-ին աշխատանքային այցով Ավստրիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Վիեննայում հանդիպել է Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության Գործադիր քարտուղար Լասինա Զերբոյի հետ։ Այս մասին տեղեկատվություն է հրապարակել ՀՀ ԱԳՆ-ն։
Զրուցակիցներն անդրադարձել են կազմակերպության գործունեությանը, նրա առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց հասցեագրման ուղղությամբ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող քայլերին։
Նախարար Մնացականյանը վերահաստատել է ՀՀ հանձնառությունը միջուկային զենքի զինաթափման ու չտարածման նպատակներին և ընդգծել, որ Հայաստանը, 2006թ․ վավերացնելով Միջուկային զենքի փորձարկման արգելման պայմանագիրը, մշտապես հանդես է գալիս Պայմանագրի՝ բոլոր պետությունների կողմից վավերացման օգտին։
Երկուստեք կարևորվել է միջուկային անվտանգության ամրապնդումը՝ ազգային և միջազգային մակարդակներում` միջազգային իրավական փաստաթղթերի վավերացման և իրականացման, ինչպես նաև ազգային օրենսդրության հաստատման միջոցով: Այս համատեքստում Զոհրաբ Մնացականյանը բարձր է գնահատել Կազմակերպության «Գառնի» սեյսմիկ կայանի գործունեությունը Հայաստանում, ինչպես նաև Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության գործակալությանը տրամադրվող տեխնիկական աջակցությունը՝ ուղղված Ազգային տվյալների կենտրոնի կարողությունների զարգացմանը։