Ցավոք սրտի, մենք մինչև հիմա 39 գերի ունենք, որոնցից մեկը վերջերս է մոլորվելով հայտնվել Ադրբեջանում: Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հակտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին, որը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի գերիների վերադարձման հայտարարության մասին էր։
Փաշինյանի խոսքով՝ գերիների վերադարձման ուղղությամբ բոլոր հնարավոր ջանքերը գործադրում են։ Բայց, ըստ նրա, ամենաարդյունավետ ձևը միջազգային հանրության աջակցությունը և ճնշումն ապահովելն է, որպեսզի գերիներն օր առաջ վերադառնան հայրենիք։
«Ադրբեջանը փորձում է լրացուցիչ պայմանների հետ կապել գերիների վերադարձը, բայց մենք համաձայն չենք այդ դիրքորոշման հետ։ Մեր դիրքորոշումը շարունակում է մնալ այն, որ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությանը համաձայն՝ բոլոր պահվող անձինք պետք է վերադարձվեն»,- պնդեց վարչապետը։