Ուկրաինական պատերազմի բերումով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքներն ակտիվ չեն ընթանում։ Այս մասին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Միրզոյանի պարզաբամամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կոնսենսուսի մասին խոսելը չափազանցություն կլինի, բայցև այս ձևաչափի «մահվան» մասին լուրերը ևս փոքր-ինչ չափազանցված են։
«Ուկրաինական պատերազմից հետո համանախագահների շրջանում որոշակի տարակարծություններ կան։ Բայց մենք շարունակում ենք ԼՂ հիմնախնդրի բանակցությունների տեղը և ձևաչափը տեսնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունում։ Բանակցությունները տեսնում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, բայց նաև Հայաստանը չի կարող թույլ տալ վակուումի առաջացումը, և ողջունում ենք Եվրամիության ջանքերը»,- ասաց նա։
Միրզոյանը փաստեց, որ վերջերս համանախագահ երկրները վերահաստատել են իրենց հանձնառությունը հենց այդ ձևաչափում աշխատանքները շարունակելու։