Ռուսաստանի ռազմավարական նպատակը Հարավային Կովկասը կայունության և բարգավաճման գոտի դարձնելն է։ Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այդ ճանապարհին առանցքային խնդիրներից մեկը Բաքվի և Երևանի հարաբերությունների համալիր կարգավորումն է, ամուր խաղաղության հաստատումը», – նշել է նա:
Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ ջանքերի հիմքը կազմում են առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունները։ Ռուսաստանը համակողմանի աջակցություն է ցուցաբերում գործընկերներին բոլոր ուղղություններով՝ ներառյալ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, սահմանների դելիմիտացիան, հասարակական երկխոսության հաստատումն ու խաղաղ պայմանագրի մշակումը։
Մեկնաբանելով այն հարցը, թե ԵՄ-ն փորձում է իր հետևից ֆիքսել գլխավոր մոդերատորի դերը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացում, Զախարովան հայտարարել է. «Այո, մենք տեսնում ենք ԵՄ համառ փորձերը մխրճվելու բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների իրականացման գործընթացի մեջ։ Հույս ունենք, որ Բրյուսելը կօգնի իրականացնել դրանք, եթե նրանք այդպես են ուզում, այլ ոչ թե փորձել աշխարհաքաղաքական խաղեր վարել»։
Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի առաջին նիստի վերաբերյալ հարցին՝ Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը պատրաստ է խորհրդատվական աջակցություն ցուցաբերել երկկողմ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքներին, ինչը գրանցվել է 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած գագաթնաժողովի արդյունքներով երեք երկրների ղեկավարների հայտարարության մեջ:
«Ռուսաստանը եզակի փորձագիտական ներուժ ունի հետխորհրդային տարածքում սահմանազատման և սահմանային վեճերի կարգավորման ոլորտում։ Մեր տրամադրության տակ կան անհրաժեշտ քարտեզագրական նյութեր, և հայ և ադրբեջանցի բարեկամների հետ Հանձնաժողովի գործունեության շրջանակներում ուրախ կլինենք կիսվել մեր փորձով և մշակումներով: Ինչպես գիտեք ռուս փորձագետների թիմը խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու համար արդեն ձևավորված է», – հայտարարել է Զախարովան։
Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը մայիսի 24-ին առաջին հանդիպումն են անցկացրել երկու երկրների միջպետական սահմանին: Հանդիպումն անցել է սահմանազատման և սահմանային անվտանգության համատեղ հանձնաժողովի ձևաչափով